Վստահեցնում եմ, որ սա ոչ թե արարողակարգային ընթերցում էր, այլ իրական երդում էր ձեր եւ Աստծո առջեւ․ Հայկ Մարության
Հուզմունքս մեծ է, պատասխանատվության զգացումս՝ հսկայական. ես կանգնած եմ ասյտեղ, որովհետեւ այդպես է որոշել մեր ժողովուրդը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետի պաշտոնակալման արարողության ժամանակ իր ելույթում նշել է նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա, մասնավորապես, ասել է.
«Այսպիսի որոշումներ կայացնելու իրավունքը Հայաստանի քաղաքցիները վաստակել են իրենց կատարած թավշյա հեղափոխության շնորհիվ: Այս ընտրությունների ժամանակ Երեւանի բնակիչներն իրացրեցին իրենց իրավունքը, կայացրեցին իրենց որոշումը եւ պատվիրակեցին ավագանու 65 անդամներին քաղաքապետարան:
Ես մեկ առ մեկ հիշում եմ այն հայտարարությունները, որոնք տալիս էին մեզ Երեւանի բնակիչները՝ վերականգնել Երեւանը, մաքրել կանաչապատել, ապահովել անվտանգությունը, կառուցել, գեղեցկացնել, զարգացնել եւ ամենակարեւորը, այս ամենն իրականացնելիս գործել արդարության սկզբունքով: Ուզում եմ վստահեցնել, որ հենց այդպես էլ լինելու է:
Որովհետեւ իր քաղաքն ու երկիրը սիրող մարդն այլ կերպ չի կարող անել: Իսկ ես սիրում եմ Երեւանը, ես խենթանում եմ մեր քաղաքի համար: Այո, սա մեր Երեւանն է հրաշք ճարտարապետությամբ, հրաշք պատմությամբ եւ հրաշք մարդկանցով: Այսքանից հետո ով կլինի, որ կդավաճանի այս ամենը:
Շնորհակալ եմ վստահության համար: Ես համաձայն եմ ամեն բանի հետ, որ հնչեց երդման ժամանակ: Վստահեցնում եմ, որ սա ոչ թե արարողակարգային ընթերցում էր, այլ իրական երդում էր ձեր եւ Աստծո առջեւ»:
Նշենք, որ սեպտեմբերի 23–ին տեղի է ունեցել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ, որի արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է ավագանու 65 մանդատներից 57-ը, ԲՀԿ–ն՝ 5, իսկ «Լույս» դաշինքը՝ 3 մանդատ։ Օրենքի ուժով «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը հոկտեմբերի 10-ին, ավագանու առաջին նիստում օրենքի ուժով դարձել է Երեւանի քաղաքապետ։
