«Առաջադրանք՝ համայն աշխարհի իրավաբաններին». Փաշինյանը կոչ արեց ներկայացնել իրավական հիմքեր, որոնցով չի կարող քարոզարշավից 2 օր առաջ երթ անել
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կոչ է անում բոլոր իրավաբաններին ներկայացնել այն իրավական նորմերն, ըստ որոնց, ինքն իրավունք չունի քարոզարշավի մեկնարկից 2 օր առաջ երթ իրականացնել կամ այցելել մարզեր։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով իր հասցեին հնչած մեղադրանքներին, թե քարոզարշավը չսկսված, քարոզչություն է իրականացնում, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա իրավական նորմերով արգեված չէ։
«Այսինքն, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ի՞նչ պիտի անի, պիտի իր սենյակից դուրս չգա՞։ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի սահմանափակվա՞ծ է որևէ օր որևէ երթ անելու համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով.
«Առաջադրանք համայն աշխարհի իրավաբաններին, հատկապես՝ հանրապետական, որևէ մեկը գիտի՞ որ որևէ քաղաքացի, այդ թվում՝ վարչապետը, սահմանափակված է որևէ օր որևէ երթ, հավաք անելու։ Էդ իրանց Հայաստանում էր տենց, այս Հայաստանում նման բան չկա»։
Նա նշեց, որ քարոզարշավից առաջ կարելի է հնչեցնել նախընտրական կոչեր.
«Կոչեր կարող են հնչել միշտ։ Քարոզչության համար սահմանված ժամկետից դուրս մարդիկ սահմանափակված չեն որևէ ձևով քարոզչություն անելու, իսկ նախընտրական քարոզչության ժամանակ դուք բաժանում եք նյութեր, որոնք հստակ մակնվշված են՝ որտեղ են տպված, ինչ քանակով և այդ նյութի ստեղծման համար պետք է վճարի նախընտրական հիմնադրամից։ Ես միշտ շփվել եմ ժողովրդի հետ, շփվում եմ ու շփվելու եմ»:
Հարցին՝ ի՞նչ բնույթ ունի նոյեմբերի 24-ին Երևանում տեղի ունենալիք քայլերթը, վարչապետի պաշտոնակատարն արձագանքեց։.
«Երթն ունի քայլելու բնույթ։ Թող ցույց տան այն միջազգային չափանիշները, որով չի կարելի։ Հերիք է Հայաստանում խոսել առանց հիմնավորումների։ Ես Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում առաջիկա խորհրդարանական ընտրություններին քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին՝ հիմա ես չարաշահեցի՞ վարչական ռեսուրսը: Իմ նախընտրական քարոզչությունը սկսվել է 2007թ.-ին ու շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ես քաղաքական գործունեությամբ եմ զբաղվում»։