«Սասնա Ծռերը» պետական քննություն տալու ժամանակ ունեն. այդ օրը դեկտեմբերի 9-ն է
«Որեւէ լարում գոյություն չունի ՀՀ եւ Արցախի իշխանությունների միջեւ. եթե որոշ մարդիկ իրենց լիազորությունների շրջանակում չեն կարողանում տեղավորվել կամ դիլետանտություն են դրսեւորում` դա որեւէ կապ չունի աբարձրացրած հարցերի հետ: Մենք անվերապահորեն կողմ ենք այն սկզբունքներին, որ այսօրվա ՀՀ կառավարությունը տանում է ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ` կապված նաեւ Արցախի հետ: Այն առումով, որ Արցախի ժողովուրդը ինքը պետք է իր ճակատագիրը տնօրինի: Եվ եթե որոշ պետական, քաղաքական կամ հասարակական գործիչներ, այսօր իրենց սուբյեկտիվ տեսակետներն են ներկայացնում` կարծում եմ սա անհատական բնույթ է կրում: Այնպես որ որեւէ լարվածություն չկա Արցախի եւ ՀՀ-ի միջեւ», Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին շրջանում Արցախի շուրջ ստեղծված արտաքին եւ ներքին քաղաքական լարումներին, ասաց Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը:
-Հարցին, թե ի՞նչ վերաբերմունք ունի «Սասնա Ծռերի» կողմից վերջին շրջանում հնչեցրած տարատեսակ հայտարարությունների վերաբերյալ, պատգամավոր Հյուսնունցը նշեց, որ.«Իրենք ունեն, այսպես ասած պետական քննություն տալու ժամանակ` այդ օրը դեկտեմբերի 9-ն է, երբ իրենց քվեներով կապահովեն իրենց գնահատականը: Իսկ ինչ վերաբերում է Արցախում բացված նորասետեղծ նույնանուն կուսակցությանը` իրենք այստեղ եւս քննություն պետք է հանձնեն: Եվ ես չէի ուզենա, որ նրանք իրենց սխալ ու էքստրեմալ քայլերով, դեռ չծնված՝ իրենց քաղաքական մահկանացուն կնքեին: Որովհետեւ այդ կուսակցության մեջ եւս, նորմալ մարդիկ կան: Բայց քաղաքականությունը այլ բան է. քաղաքականությունը` պահանջում է խելամտություն, իմաստություն, եւ գաղափարներ: Եվ ես կարծում եմ, որ հենց խելամտության գործոնը պետք է գործի, որպեսզի իրենք կայանան»:
ԼՂՀ ներկայացուցիչը, մեզ հետ ունեցած զրույցի շրջանակներում խոսեց նաեւ ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակի՝մասնավորապես նախընտրական մրցավազքի մասին, նկատելով, որ այն անցնում է թույլատրելիության, անհանդուրժողականության սահմանները: Եւ այդ առթիվ պատգամավորը կոր արեց, որպեսզի քաղաքական գործընթացներում կուսակցությունները ավելի շատ քաղաքական, տնտեսական ծրագրերի շուրջ բանավիճեն, այլ ոչ թե նախընտրական մարաթոնը տեղափոխեն անձնական վիրավորանքների դաշտ: