Նիկոլ Փաշինյանի խոսնակն արձագանքել է զենքի վաճառքի մասին Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանն անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ինչու Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին զենք վաճառելու հարցը չի բարձրացնում նաեւ Ռուսաստանի առաջ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Եղոյանն ասել է.
«Անդրադառնալով պարոն Լուկաշենկոյի հայտարարությանն՝ անհրաժեշտ եմ համարում անել մի քանի կարեւոր արձանագրում: Ցավոք, պարոն Լուկաշենկոն շարունակում է փակ հանդիպումների բովանդակությունը հրապարակելու պրակտիկան:
Ցավոք, պարոն Լուկաշենկոն հերթական փակ հանդիպումից հրապարակել է միայն այն, թե ինչ է ասել ինքը եւ չի հրապարակել այն, թե ինչ պատասխաններ է ստացել ՀՀ վարչապետից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահի հետ քննարկումներում մշտապես, այդ թվում՝ պարոն Լուկաշենկոյի հիշատակած հանդիպման ընթացքում մասնավորապես, բարձրացրել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի խնդրահարույց հարցը:
Հայաստանը տրամադրված է շարունակել քննարկումները ՀԱՊԿ շրջանակում՝ կազմակերպության անդամ երկրների փոխադարձ դաշնակցային պարտավորությունների լիարժեք կատարումն ապահովելու ուղղությամբ»: