«Տպավորություն է, որ դատական գործերն են առաջին պլան բերվում, որպեսզի հիմնական կարևոր հարցերից անընդհատ շեղվենք». Կարեն Հովհաննիսյան
Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նորմալ եմ համարում, երբ կալանավորվածի հարազատներն ու համակիրները բողոքի ակցիաներ են իրականացնում, ուղղակի նորմալ չեմ համարում այդ ակցիաներին այդքան անդրադառնալն ու դրանով քաղաքական երանգավորումներ տալը:
Եթե անդրադառնալու թեմա կա, ապա դա մեր երկրի զարգացման հեռանկարի թեման է, հետհեղափոխական Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման թեման է, ձեռք բերումներին ու բացթողումներին անդրադառնալն է: Տպավորություն է, որ դատական գործերն են առաջին պլան բերվում, որպեսզի հիմնական կարևոր հարցերից անընդհատ շեղվենք: Լիքը գործ կա անելու, սկսած ձեր թաղից, վերջացրած Հայաստանի ողջ համայնքներից, սկսած սոցիալ -տնտեսական արդարության վերականգնումից, վերջացրած իրավական արդարության վերականգնումով, սկսած բանակից, վերջացրած արտաքին քաղաքականությունից: Ինչպես սիրում ենք ասել, 30 տարվա գործ է հավաքվել ու մի րոպե անգամ ժամանակ չկա զուր ծախսելու, թե չէ կստացվի, որ 30 տարվան կգումարվի մեկ տարի, երկու տարի ու այդպես շարունակ...
Հ.Գ. Գրեթե բոլոր դատարանների առջև միշտ եղել են ակցիաներ, սակայն դրանց ուշադրություն չենք դարձրել, ինչի՞ եք այս մեկը զոռով խցկում մեր լրահոս...»