Կարծում եմ, որ ԱԱԾ-ն պետք է շարունակի մնալ վարչապետի ենթակայության ներքո, իսկ ոստիկանության մասը դեռ կարելի է քննարկել. Արարատ Միրզոյան
Ես հոգևոր կրթություն չեմ ստացել: Այս մասին լրագրողներին ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:
«Ես երկու օր ֆեյսբուք չէի մտել: Երեկ, երբ մտա, հասկացա, որ գնել եմ մի մերսեդես, որը հետո դարձել է Մայբախ, որը հետո դարձել է զրահապատ, օրվա վերջին F16-ով ու միգերով սուզանավ էր: Հետո իմացա հոգևոր կրթություն ստանալու մասին լուր: Հետաքրքիր էր: Դղյակ էլ եմ գնել արդեն: Ես հոգևոր կրթություն չեմ ստացել, եթե ստացած լինեի՝ հպարտությամբ կնշեի: Հանդերձանքն եմ փորձել»,- ասաց Արարատ Միրզոյանը:
Խոսելով վարչապետի թեկնածուի մասին` նա նշեց, որ իրենք, հավանաբար, կքվեարկեն միասնաբար: «Առաջին նիստում առաջին համարը կդառնա վարչապետ»,- հավելեց նա:
«Բազմաթիվ բաներ, որ մենք նախկինում ասել էինք ու պահանջել էինք իշխանությունից ԱԺ-ում հօգուտ ընդդիմադիր ֆրակցիաների անելու, իրականացնելու ենք»,- ասաց փոխվարչապետը:
Ինչ վերաբերում է գազի գնի շուրջ բանակցություններին, Միրզոյանն ասաց, որ հարցը փակ չէ, հետաքրքիր զարգացումներ կարող են ուրվագծվել:
«Տարբերակներ կան քննարկելու, թեմա կա, ենթաթեմաներ կան, հարցեր կան: Մի քիչ ավելի կոմպլեքս պետք է նայել այդ հարցին: Ակտիվ աշխատում ենք այդ ուղղությամբ: Շատ տարբեր սցենարներ կան, քննարկումն ընթանում է, ինչպիսին կլինի արդյունքը, կանխատեսելն անշնորհակալ է: Քննարկումները տարբեր ելքեր կարող են ունենալ»,- ասաց նա:
Արարատ Միրզոյանն ասաց, որ չի կարող բացել բանակցություններում քննարկվածը: «Ես ուզում եմ երաշխավորել, որ գործընթացում ընդգրկված բոլոր պաշտոնյաները անում են առավելագույնը ՀՀ քաղաքացիների համար առավել նպաստավոր պայմաններ ստանալու համար»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է կառավարության կառուցվածքին, Արարատ Միրզոյանը պատասխանեց նաև այն հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը «սուպերվարչապետ» չէ՞, եթե ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը մնում են վարչապետի հսկողության տակ: «Դուք վստահ եք, որ մնո՞ւմ է»,- արձագանքեց Արարատ Միրզոյանը: Նա շեշտեց, որ պնդումների վերաբերյալ հարց չպետք է հնչեցնել: Հարցին՝ փոխվելո՞ւ է սուպերվարչապետական այս մոդելը, նա պատասխանեց. «Այո: Դետալների մասին կխոսենք հետո»:
Արարատ Միրզոյանը մանրամասնեց, որ կլինի կառավարության կառուցվածքի մասին նախագծի վերջնական տեսքը, ապա իրենք կխոսեն դրա մասին: «Ես կարծում եմ, որ ԱԱԾ-ն պետք է շարունակի մնալ վարչապետի ենթակայության ներքո, իսկ ոստիկանության մասը դեռ կարելի է քննարկել: Խնդիրը մի քանի բաղադրիչ ունի՝ ԱԺ-ում հաշվետու լինելու, թափանցիկության առումով»:
