Չենք հրաժարվել Վիեննայի եւ Պետերբուրգի պայմանավորվածություններից. դրան ավելացել է Դուշանբեն. ԱԳ նախարար
Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի երեք հանդիպումները եղել են հանպատրաստից. օգտագործվել է այն առիթ, որ ղեկավարները գտնվել են նույն վայրում, երկու ղեկավարների համար առիթ է եղել միմյանց հետ ծանոթանալու, միմյանց զգալու եւ միմյանց հետ տեսլականները եւ մոտեցումները փոխանակելու համար։ Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հանդիպում են առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցության, դա շեղում է ֆորմատից:
Նա դրական համարեց այդ հանդիպումները՝ նշելով, որ դրանք դյուրացնում են եւ հնարավորություն են ստեղծում ավելի լավ իրար զգալու եւ ավելի արդյունավետ աշխատելու այս հարցերի շուրջ. «Շատ լավ է, որ ղեկավարները առիթ են ունեցել տարբեր հարցերի շուրջ մտքեր փոխանակելու, որ ավելի լավ պատկերացնեն միմյանց մոտեցումներն ու տեսլականները»։
Նախարարը, սակայն, համաձայն չէ, որ բանակցությունները փակուղում են, նա ընդգծում է՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից հայկական կողմը չի հրաժարվել, ավելին՝ դրան ավելացել է Դուշանբեն. «Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները նպատակաուղղված են ռիսկերի նվազեցմանը, դրան ավելացել է Դուշանբեն։ Այս արանքում մենք հասել ենք նրան, որ ունենք նվազ ռիսկեր, հանգստություն շփման գծում եւ սահմանին, որեւէ հարց դուրս չի եկել։ Մեր համար կարեւոր է եղել ռիսկերի նվազեցումը, ինչպես էլ դա փաթեթավորված լինի, կոչվի Վիեննա թե մեկ այլ բան, ինչ կաշխատի, կաշխատացնենք։ Կարողացել ենք աշխատացնել մի մեխանիզմ, որը ռիսկերի նվազեցման առումով նպաստավոր է »,–եզրափակեց Մնացականյանը։
