«Համայնքում էսքան ծառեր են տնկվել.մենակ վատ բաներն եք գրում, մի հատ էլ գրեք, որ լավ բաներ էլ են արվել էս համայնքում».
Քանիցս առիթ ունեցել ենք անդրադառնալու, որ նախկին ՀՀԿ-ական, Ամբերդ համայնքի երկարամյա գյուղապետ Սամվել Բաբայանը ամենատարբեր պատճառաբանություններով խուսափում էր պատասխանել Fnews.am էլ. օրաթերթին հետաքրքրող հարցերին:
Տեւական ժամանակ է, ինչ Մանվել Բաբայանից փորձում էինք (փաստարկված) պարզաբանումներ ստանալ, թե իրականում համայնքային բյուջեով կոնկրետ ի՞նչ աշխատանքներ են իրականացվել համայնքում, երկրորդ՝ ի՞նչ սկզբունքով են համայնքից դուրս գրվել սոցիալական օգնությունները, եւ երրորդ՝
ինչպե՞ս էր ստացվել այնպես, որ համայնքապետարանի հաստիքները, այսպես ասած՝ մեջ-մեջ են արվել. հատկապես գյուղապետի բարեկամների միջեւ:
( Հիշեցնենք, Մ. Բաբայանը կինը 2014-2018 թվականը որպես առաջին կարգի մասնագետ աշխատել է համայնքապետարանում, ) իսկ ահա Մանվել Բաբայանի քրոջ որդին, մինչ օրս շարունակում է աշխատել գյուղապետարանում:
Եւ այսպես, հերթական անգամ երբ այցելեցինք Ամբերդի համայնքապետարան, նկատեցինք, որ իրավիճակը նախորդների համեմատ մի փոքր այլ էր, քանի որ նախ եւ առաջ համայնքապետարանի տարածքում չկային համայնքապետ Մանվել Բաբայանի եղբայր, Աստծո դեսպան Արծրուն Բաբայանն ու նրան մշտապես ուղեկցող պահապան հրեշտակները…




Այս անգամ, համայնքապետարանի մուտքի մոտ մեզ դիմավորեց համայնքապետ Բաբայանը, ու միանգամից արձագանքեց, թե ինչի ենք իր ղեկավարած համայնքի մասին վատ բաներ գրում, եւ թե ինչո՞ւ չենք ուզում տեսնել նաեւ լավը. օրինակ այն, որ Ամբերդ համայնքում բազում լավ գործեր են արվել, բայց այդ մասին որեւէ մեկը չի բարձրաձայնել ու չի գրել:
Այնուհետեւ շարունակելով իր խոսքը , Մ. Բաբայանը, հավելեց. «Խնդրում եմ գրեք,թե մեր համայնքում ինչքան շատ ծառեր են տնկվել, հեսա սիրուն նկարեք, համայնքապետրանի բակն ա վերանորոգվել, էս փողոցները տեսնում եք. ոնց ա կառուցվել, բարեկարգվել, հուշարձան ենք կառուցել, համայնքը սիրունացրել ենք լույսն ենք քաշել, դե էդ էլ գրեք: Էդ ամենը ինչը արվել ա մեր բարերարների՝ մեր համայնքի բնակիչ, բարերար Նշան Ստեփանյանի աջակցության շնորհիվ: Գրեք, որ Ռուսասատանում ապրող մեր ամբերդցիները միջոցներ են ներդրել՝ համայնքում լավ գործեր անելու համար: Բա խի չեք էդ էլ գրում: Հենա գազաֆիկացում ենք արել, լույս ենք քաշել, հիմա էլ գյուղապետարանի շենքն ենք ուզում վերանորոգենք, թե չէ գալիս եք՝ճաքած պատերը նկարում, ու գնում. խնդրում եմ գրեք, որ հիմա վերանորոգում ենք շենքը:



Այնուհետեւ մեզ ներկայացնելով գյուղապետարանի ներսում կատարվող շինարարական աշխատանքների ընթացքը, համայնքապետը ուղեկցեց դեպի իր աշխատասենյակ, եւ իր աշխատակազմի հետ միասին փորձեց որոշակի հարցերի շուրջ բանավոր կերպով լույս սփռել, խոստանալով որ կներկայացնեն նաեւ այն փաստերը՝ թե բյուջեի միջոցով, ի՞նչ ծրագրեր են իրականացվել իրենց համայնքում:
Իսկ հիմա ավելի հանգամանալից.բանն այն է, որ համայնքապետ Մանվել Բաբայանը, ով տեւական ժամանակ հրաժարվում էր ներակայացնել փաստացի տվյալներ, (որոնց մասին մենք արդեն խոսել ենք մեր նախորդ հրապարակումներում. Հեղ.), որոշել է ի վերջո ներկայացնել մեզ հետաքրքրող տվյալները: Համենայնդեպս պարոն Բաբայանը եւ իր աշխատակազմը խոստացան կարճ ժամանակահատվածում տրամադրել բոլոր փաստական տվյալները:
Իսկ ինչ վերաբերում է այն գյուղացիներին,ովքեր հարկերը չվճարելու պատճառով, կորցրել են իրենց հողատարածքները, ապա գյուղապետը, անդարադառնալով այդ հարցին, ասաց հետեւյալը. « Տո հենց տենց էլ կգրեք, դրանք փնթի մարդիկ են, տասնհինգ հազար տարեկան հողի հարկը ի՞նչ է, որ չեն տալիս: Հո՞ հազար դոլարի մասին չի խոսքը, որ չտան»:

Գյուղապետը անդրադարձավ նաեւ նախորդ տարի Գագիկ Ծառուկյան հիմնադրամի կողմից ստացած օգնությանը, որի բաշխման գործընթացի հետ կապված նույնպես տարատեսակ խոսակցություններ էին պտտվում , ինչին ի պատասխան , Մ. Բաբայանը փաստաթղթեր ներկայացրեց, ու նշեց.

«Հիմա կբերեմ եւ փաստացի կներկայացնեմ եւ ինքներդ կհամոզվեք, որ ես ոչ մի կոպեկ հենց այնպես չեմ օգտագործել, բոլորը բաժանել եմ գյուղացիներին: Տո ես գյուղացու փողը ուտող լինեի՝ հիմա վարկերի տակ չէի ճռռա, գիտե՞ք ինչքան վարկ ու տուրք ունեմ»:
Հուսանք, այս անգամ համայնքապետ Բաբայանը իր խոսքին տեր կկանգնի եւ կներկայացնի համայքնում իրականացրած աշխատանքների ողջ պատկերը, ինչն անշուշը կտա մի շարք հարցերի ամբողջական պատասխանները:
Շարունակելի :
