«Ամենավտանգավոր մեսիջն այն էր, որ հանցագործները այն աստիճանի են լկտիացել, որ արդեն վարչապետի քթի տակ անգամ՝ չեն խորշում հանցանք կատարելուց»
Եռաբլուր պանթեոնում տեղի ունեցած հանցագործության ամենակերեւոր եւ թերեւս ամենավտանգավոր մեսիջն այն էր, որ հանցագործները այն աստիճանի են լկտիացել, որ արդեն վարչապետի քթի տակ անգամ` չեն խորշում հանցանք կատարելուց: Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով, այսօր պանթեոնում տեղի ունեցած հանցագործությանը, երբ անհայտ անձիք թալանել էին ապրիլյան պատերազմում զոհված, կապիտան Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ տղային պատկանող մեքենան, ասաց հայտնի քաղաքագետ, վերլուծաբան ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԸ, ընդգծելով.
-Անկեղծ ասած, ես «ուրախ» կլինեմ համոզվելու, որ դա պարզապես գողություն է եղել: Եւ շատ սարսափելի կընդունեմ այն հանգամանքը, եթե այդ մեքենան միտումնավոր վնասած լինեն, որպես ապրիլյան պատերազմի հերոսի հարազատի մեքենա: Ինքը հանցագործություն է` բոլոր առումներով: Բայց գոնե ուզում եմ հույս ունենալ, որ միտումնավոր չի եղել. (հերոսի հարազատի մեքենայի վնասում), այլ պարզապես գողություն է տեղի ունեցել: Ինչ վերաբերում է առհասարակ երեւույթին, կզարմանաք՝ բայց ես հաշվի առնելով, թե ինչ բարքեր են հիմա մոդայիկ դարձել Հայաստանում, այլեւ ոչնչից չեմ զարմանում, պարզապես սարսափելի ցավ եմ ապրում:
Ամեն դեպքում պետք է ֆիքսել հետեւյալը. տեղի է ունեցել հանցագործություն, եւ շատ վատ է, որ նման հանցագործությունը տեղի է ունենում Եռաբլուրում: Կրկնակի սարսափելի եւ անհանգստացնող է, որ հանցագործները բառացիորեն արհամարած ունենալով այն հանգամանքը, որ տարածքը այդ ժամին հսկվում է ուժային կառույցների կողմից` կատարել են նման հանցանք:
Կատարվածը շատ ցավալի է, բայց այս դեպքը եւս մեկ անգամ փաստում է այն մասին, որ մենք ապահահովագրված չենք մեր երկրում օրը ցերեկով` անգամ ուժայինների հոծ բազմության եւ ներկայության պայմաններում:
ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ