Արցախի պատվիրակության անդամներն Արգենտինայի խորհրդարանում ներկայացրել են արցախյան հարցին առնչվող հարցեր
Ապրիլի 30-ին ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած Արցախի Հանրապետության պատվիրակությունը Արգենտինայի խորհրդարանում հանդիպում է ունեցել Բուենոս Այրեսի նախկին քաղաքապետ, Արգենտինայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղար, իշխող կոալիցիայի մաս կազմող «Ռադիկալների քաղաքացիական միություն» կուսակցության անդամ Ֆակունդո Սուարես Լաստրայի հետ:
Այս մասին հայտնում են ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի պատվիրակության այցի նպատակները: Անդրադարձ է կատարվել նաև հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին ու կայունության հաստատման հեռանկարներին:
Նույն օրը Արցախի պատվիրակությունը հանդիպել է Արգենտինայի նախկին արտաքին գործերի նախարար, ազդեցիկ «Արդարության կուսակցության» նախագահ, Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր տնտեսական գոտու (Mercosur) խորհրդի անդամ Խորխե Թայանայի հետ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացներին։ Կողմերը նաև քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: