«Պատգամավորական 10-12 տարիները այդքան նշանավոր չեն եղել իմ անձի ճանաչելիության համար, որքան հինգ տարի առաջ այս օրը կատարված իրողությունը». Տաճատ Վարդապետյան
Հինգ տարի առաջ այս օրը, շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը շախմատային բլից պարտիայում պարտվել է այն ժամանակվա ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Տաճատ Վարդապետյանին: Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կայացած բլից պարտիաներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ: Տաճատ Վարդապետյանը 3-4 րոպե տևողությամբ պարտիայում` առավելության է հասել Մագնուս Կարլսենի նկատմամբ:
Այս հիշարժան իրողությունից հետո այս օրը այլեւս յուրահատուկ կերպով է նշանավորվել Տաճատ Վարդապետյանի կյանքում: Եւ ինչպես պատգամավորն է նկատում իր խոսքում. «Պատգամավորական 10-12 տարիները այդքան նշանավոր չեն եղել իմ անձի ճանաչելիության համար, որքան այս օրը կատարված իրողությունը»
2014թվականի այս օրերն էր, երբ լուր ստացանք, որ Մագնուս Կարլսենըգալիս է Հայաստան: Պատգամավոր Սամվել Ֆարմանյանը մտածեց ու ասեց` կարող է պատգամավորների հետ էլ հանդիպում ունենա: Ու միանգամից կապվեց ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալի` Սմբատ Լպուտյանի հետ: Եվ զարմանալիորեն եւ հաճելիորեն` մեկ ժամ էլ չանցած, Լպուտյանը զանգեց եւ ասաց, որ Մագնուսը համաձայնել է ընկերական հանդիպում անցկացնել պատգամավորների հետ:
Եվ այդ հանդիպումը տեղի ունեցավ: Եվ զարմանալիորեն ինձ հետ խաղի ընթացքում, ընդամենը 3.5 րոպեում ես հասա հաղթանակի: Եվ շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը ընդունելով իր պարտությունը շնորհավորեց ինձ` հաղթանակիս կապակցությամբ:
Հինգ րոպե չանցած արդեն միջազգային կայքերը գրեցին այդ մասին: Ինձ համար անչափ նշանավոր օր է, որովհետեւ մինչեւ իմ պատգամավորական լիազորությունների դադարեցումը, որ երկիր ես մեկնում էի գործուղում` առանձնահատուկ ուշադրությամբ ու հարգանքով էին վերաբերում իմ անձին: սա ինձ համար յուրահատուկ օր է: Շնորհակալ եմ հիշելու եւ կրկին վերաարժեւորելու այդ հիասքանչ իրողությունը, որը տեղի ունեցավ 5 տարի առաջ: