Վիրահատությունից հետո կորցրել է խոսելու ունակությունը, իսկ Չարչյանը դեռ սրբագրում է իրենց սխալը.Iravunk.com
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում արտակարգ դեպք է պատահել: Քիթ-կոկորդի, ավելի կոնկրետ` գլանների վիրահատությունից հետո մի տղամարդ կորցրել է խոսելու ունակությունը: Աղբյուրի պնդմամբ` վիրահատության ընթացքում տեղի է ունեցել սխալ, ասել է, թե կտրել են ձայնալարերը: Մոտ երկու շաբաթ է, ինչ տղամարդը չի կարողանում խոսել, կամ ավելի ճիշտ խոսելուց ձայն դուրս չի գալիս: Աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ հիվանդը դատի է տվել հիվանդանոցին: Նշենք նաեւ, որ «Իզմիրլյան» կենտրոնում վիրահատվելը, մեղմ ասած, այդքան էլ ցածր գին չունի:
Արմեն Չարչյանը` փոխարենը մտահոգվի հիվանդի առողջական վիճակով` նախ սկսեց «մաքրել» իրեն եւ իր բժշկական կենտրոն
Ինչպե՞ս է բացատրում տվյալ բժշկական կենտրոնի տնօրինությունը այդ դեպքը, երբ մարդը գնում է վիրահատության` առողջական մի պարզ խնդիր լուծելու համար, բայց մի քանի խնդրով է վերադառնում տուն: Հարցի պատասխանը ստանալու ակնկալիքով կենտրոնի տնօրեն ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆԻՑ, ով փոխարենը մտահոգվի հիվանդի առողջական վիճակով, սկսեց «սրբագրել» իրեն եւ իր բժշկական կենտրոնը.
- Դե գիտեք ինչ, ես բազմիցս արդեն այդ մասին արդեն խոսել եմ, բայց դե, քանի որ Ձեր թերթը շատ եմ կարդում, չեմ կարող մերժել:
- Պարոն Չարչյան, չստացվի, որ մեզ լավություն եք անում:
- Չէ, չէ: Լավ, հիմա ասեմ: Նախ նշեմ, որ կատարվածը որեւէ մեկի մեղքը չէ, սխալը չէ, անգործության հետեւանքը չէ:
- Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք:
- Ստատիկ բարդություն է, նման խնդիրը կարող է առաջանալ աշխարհի տարբեր կլինիկաներում` այստեղ, Լոնդոնում կամ Փարիզում:
- Լավ, բայց ինչի՞ հետեւանք է:
- Բարդությունն առաջացել է վիրահատության անզգայացման ժամանակ:
- Բա ասում եք, որ ոչ ոք մեղավոր չէ՞:
- Նորից եմ կրկնում` նման բան կարող է պատահել ցանկացածի հետ, գուցե պատճառը այդ երիտասարդի ձայնալարի կառուցվածքն է: Դա վերականգնվող բարդություն է, եւ 3-6 ամսվա ընթացքում այս խնդիրը կլուծվի:
- Հիմա կոնկրետ ի՞նչ խնդիր ունի հիվանդը, ինչո՞ւ չի կարողանում խոսել:
- Ձայնալարերը մի փոքր ճնշվել են, հետո ձայնը վերականգնվում է: Հետո այդ տղայի ձայնը մինչեւ վերջ չի կտրվել, ձայնը խռպոտել է: Այնպես չէ, որ ձայնը լրիվ կորցրել է:
- Ու դա նորմա՞լ է:
- Դե դա այն բարդություն է, որը կարող է լինել ցանկացած կլինիկայում: Ես կապ եմ հաստատել մասնագետների հետ, դա նորմալ է:
- Իսկ Ձեր կենտրոնը պատրաստվո՞ւմ է փոխհատուցել հիվանդին` այդ վիճակին հասցնելու համար: Առնվազնª վերականգնողական բուժման ծախսերը:
- Ոչ, ինչի՞ համար: Նա ձայնը լրիվ չի կորցրել, ինչի՞ համար փոխհատուցենք:
- Այսինքն` պետք է լրիվ կորցնե՞ր:
- Ոչ, մենք պատրաստ ենք փոխահատուցել, բայց դրա համար կան գործընթացներ: Նախ պետք է փորձաքննությունը ապացուցի, որ դա եղել է բժշկական սխալի արդյունքում:
- Բայց Դուք ինքներդ նշեցիք, որ անզգայացման ժամանակ է բարդություն առաջացել:
- Դե ես նորից եմ կրկնում, պետք լինի եզրակացություն: Ոչ թե ինքը գա, նստի իմ կաբինետում ու ասիª ինձ փող տվեք, որ ես գնամ Գերմանիաª իմ բուժումը անցկացնեմ: Թող դատի տա, մենք էլ կասենք` հո ասելով չի:
- Բայց դատի տվել է:
- Դե ես ինֆորմացված չեմ դեռ: Այսքանը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
