Արցախի եւ Ղրիմի բնակիչները զրկված են մարդու տարրական իրավունքներից այն պատճառով, որ որոշ երկրներում գերիշխում է գաղութատիրական մտածելակերպը
Օրերս Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացավ միջազգային կոնֆերանս «Բելգրադյան երկխոսություն» անվանումով: Կոնֆերանսի աշխատանքներից Iravunk.com-ի հետ կիսվեց Բելգրադից վերադարձած ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:
-Կոնֆերանսը նվիրված էր Եվրոպական անվտանգության եւ համագործակցության խնդիրներին, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ ծագած խնդիրների կարգավորման, այդ թվում` Ղրիմի հարցի շուրջ: Համընդհանուր տրամադրությունը այն է, որ Եվրոպայում անվտանգության համակարգը, համագործակցության մակարդակը, ծագած խնդիրների ու մարտահրավերների լուծումների անհրաժեշտությունը առաջ են քաշում նոր համակարգային մոտեցումների պահանջ: Պետք է գնալ նոր համապարփակ անվտանգության ու համագործակցության ակտի ստորագրմանը, ինչը կհանի կրիտիկական մակարդակի հասած հակադրությունը: Շատ փորձագետներ դա անվանում են «Հելսինկի 2.0»: Իհարկե, առանջնահերթ խնդիրներից են Ղրիմի, Դոնբասի, Կոսովոյի, Մերձնեստրի եւ, իհարկե, Արցախի հարցերը: Անկասկած, այս հարցերի լուծման ընթացքում պետք է առաջնային լինեն ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ու պատմական արդարության սկզբունքը: Հասկանալի է, որ այսպիսի բարդ հարցերը չունեն պարզ եւ արագ լուծումներ: Հետեւապես կարեւոր է, որ եվրոպական անվտանգության համակարգը ապահովի այդպիսի հարցերի խաղաղ լուծման ճանապարհը:
Չի կարելի թույլ տալ, որ պետությունների միջեւ ծագած վիճելի հարցերի լուծման ընթացքում կիրառվի ռազմական ուժ կամ դրա կիրառման սպառնալիք, հնչեն ժողովուրդներին թշնամացնող կոչեր, տուժեն այդ երկրների կամ վիճելի տարածքներում բնակվող շարքային քաղաքացիները: Այս առումով անթույլատրելի շրջափակումները, տարբեր տիպի սանկցիաները, խնդրահարույց պետություններ կամ տարածքներ այցելած մարդկանց սեւ ցուցակները եւ այլն: Վերոհիշյալը ամբողջությամբ հակասում է ներկայումս գործող միջազգային իրավունքին, բոլոր պետությունների կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին եւ մարդու իրավունքների վերաբերյալ ժամանակակից պատկերացումներին: Այնուհանդերձ այդ ամենն իրակականցվում է: Թուրքիան եւ Ադրբեջանը շրջափակում են Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախը, Ուկրաինան` Ղրիմը, Արցախի եւ Ղրիմի բնակիչները զրկված են մարդու տարրական իրավունքներից այն պատճառով, որ որոշ երկրներում կամ քաղաքական շրջանակներում գերիշխում է գաղութատիրական եւ ճորտատիրական մտածելակերպը: Եվ հենց դա է պատճառը, որ այսօր շտապ անհրաժեշտ է անցում կատարել դեպի եվրոպական անվտանգության ու համագործակցության նոր համակարգ:
- Արդյոք ո՞րն է այդ նոր համակարգում Արցախի կամ Ղրիմի դերը:
- Արցախի եւ Ղրիմի հարրապետությունները դա նոր արդար եվրոպական կարգի կամ գուցե նաեւ ամբողջ աշխարհակարգի, ազատության, ժողովրդավարության, ինքնորոշման եւ մարդու իրավունքների ե՛ւ դրոշակակիրներն են, ե՛ւ հիմնական ցուցիչները, ե՛ւ առանցքները: Այսինքն` եթե պետությունները ընդունում են Արցախի եւ Ղրիմի ազատությունը, դրանով նրանք հաստատում են իրենց ժողովրդավար լինելը: Հաստատում են, որ չունեն գաղութատիրական, կայսերապաշտ կամ ճորտատիրական նկրտումներ:
- Իսկ արդյո՞ք հնարավոր է ստեղծել այդպիսի անվտանգության ու համագործակցության եվրոպական համակարգ, երբ Եվրոպայի արեւմտյան հատվածը փորձում է թելադրել արեւելյան հատվածին իր ներկայիս ուլտրալիբերալ արժեքային համակարգը:
- Իհարկե` ո՛չ: Համագործակցությունը ենթադրում է պարտադրանքից զերծ, հավասար եւ հարգալից հարաբերություններ: Եվ, եթե որեւէ երկիր կամ երկրների միություն փորձում է այլոց պարտադրել իր արժեքային համակարգը, դա ոչ միայն ներքին գործերին խառնվելու կոպիտ դրսեւորում է, այլեւ առաջ է քաշում հակազդեցություն: Երբ մենք խոսում ենք եվրոպական անվտանգության ընդհանուր համակարգի մասին, պետք է դրա մեջ հասկանալ նաեւ յուրաքանչյուր երկրի ու ժողովրդի անվտանգությունը, ընդ որում, ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ հոգեւոր ու արժեքային: Այդ տեսակետից մինչեւ որոշ արեւմտյան շրջանակներ չդադարեն պարտադրել մեզ համար անընդունելի իրենց պատկերացումները ընտանիքի, կրոնի, աղանդների, ԼԳԲՏ-ների, ազատության, մշակույթի, հասարակության վերաբերյալ, խոսել եւրոպական համափարփակ անվտանգության եւ համագործակցության մասին ավելորդ է: Անվտանգության եւ համագործակցության նոր համակարգը պետք է լուծի նաեւ այս հարցերը: Ագրեսիվ գլոբալիզմը, վուլգար լիբերալիզմի տարածման պարտադրանքը պետք է դուրս գան միջպետական հարաբերություններից: Քանի դա դեռ չկա, այն երկրները, որոնք ստիպված են պաշտպանել իրենց ինքնիշխանությունը հոգեւոր եւ արժեքային ագրեսիայից պետք է ստեղծեն համապատասխան վահան դրա դեմ: Այս առումով կարեւոր է Հայաստանի, Ռուսաստանի, Սերբիայի եւ մի շարք այլ ժողովուրդների հոգեւոր եւ քաղաքակրթական ընդհանրությունը: Երեւան-Մոսկվա-Բելգրադ եռանկյունին ես անվանում եմ արեւելաքրիստոնեական քաղաքակրթության պաշտպան եռանկյունի: Եվ խորհրդանշական է, որ այդ եռանկյունու կենտրոնում գտնվում է Ղրիմը: Ընդ որում, մեր անվտանգության վահանը չպետք է սահմանափակվի տնտեսական կամ ռազմական միություններով, այլ պետք է գնալ քաղաքական միության ձեավորմանը:
Ա.Հովհաննիսյան