Թրամփի վարչակազմը որոշել է զգալիորեն կրճատել այլ երկրներին տրվող ֆինանսական աջակցությունը․ #Reuters
Սպիտակ տունը 2021 ֆինանսական տարում (սկվում է հոկտեմբերի 1-ից) ԱՄՆ Կոնգրեսին կառաջարկի զգալիորեն կրճատել այլ երկրներին տրվող ֆինանսական աջակցությունը։ Խոսքը 21% կրճատման մասին է, միաժամանակ ավելացնելով միջոցները` Ռուսաստանին և Չինաստանին հակազդելու համար, գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Վաշինգտոնի վարչակազմի ներկայացուցչին:
Ըստ գործակալության` ֆինանսական հաջորդ տարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրենսդիրներից կխնդրի այլ երկրներին տրվող ֆինանսական աջակցության համար հատկացնել միայն 44,1 միլիարդ դոլար՝ 11,6 միլիարդ դոլարով պակաս, քան նախատեսված էր այս տարվա համար: Միևնույն ժամանակ, Ուկրաինային ցուցաբերվող օգնությունն առաջարկվում է պահպանել նույն մակարդակում:
Բացի այդ, վարչակազմը 700 միլիոն դոլար կհատկացնի վերջերս գործարկված ԱՄՆ Միջազգային ֆինանսների զարգացման կորպորացիային (U.S. International Development Finance Corporation, DFC): Այն իրենից ներկայացնում է զարգացման բանկ, որը, մասնավոր հատվածի հետ համագործակցելով, օգնություն է տրամադրում զարգացող երկրներին: