ՇՊՀ-ի թնջուկի հետքերով.«Դե ինքը քաղաքական ենթատեքստով կարող է օգտագործվել նախաքննության գաղտնիք հրապարակելու…էդ ինֆորմացիան՝ հասանելի չէ որեւէ քաղաքացու, դրա համար ես չեմ կարող որեւէ բան ասել, սա է խնդիրը»
Newsmedia.am-ը առիթ ունեցել է անդրադառնալու ՇՊՀ-ում կատարված հանցագործության վերաբերյալ քրեական գործի ընթացքին, որը հարուցվել էր դեռեւս 9 ամիս առաջ: Հատկանշական է, որ չնայած գործում առկա մի շարք հանգամանքների` Շիրակի պետհամալսարանի ԺՊ Երվանդ Սերոբյանին որեւէ կարգավիճակ մինչ օրս տրված չէ:Դա էլ քիչ է, օրերս էլ տեղեկացանք, որ Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն փոխվել է սույն քր. գործով զբաղվող քննչական կոմիտեի քննիչ Վարսիկ Մելքոնյանը, ով 9 ամիս շարունակ աշխատում էր վերը նշված քր. գործի ուղղությամբ: Ընդ որում, վերջինս Գյումրիում հայտնի է, որպես ամենաօբյեկտիվ քննիչներից մեկը:
Որքանով են վերոնշյալ լուրերը համապատասխանում իրականությանը, նախ NewsMedia.am-ը փորձեց պարզել Շիրակի մարզի դատախազ ԿԱՐԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՑ, ով միանգամից ասաց, որ զբաղված է, իսկ երբ ասացինք, որ կարճ հարց ունենք` ասաց. ասեք, եւ երբ տվեցինք Սերոբյանի ազգանունը`մարզի դատախազը կրկին հիշեցրեց այն մասին, որ ինքը զբաղված է: Իսկ հարցին, թե ե՞րբ կարող ենք նորից զանգահարել, տվեց անորոշ պատասխան:
Ինչեւէ, մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ (ըստ շրջանառվող լուրերի)սույն քր. գործից հեռացված` ՔԿ քննիչ Վարսիկ Մելքոնյանի հետ, ում հետ էլ տեղի ունեցած հարց ու պատասխանը՝ ներկայացնում ենք առանց խմբագրման.
-Տիկին Մելքոնյան, Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն, Դուք Երվանդ Սերոբյանի գործից հեռացվել եք: Ուզում էինք իմանալ, որքանո՞վ են այդ տեղեկությունները համապատասխանում իրականությանը:
-Տեղեկությունները ես ոչ կարող եմ հաստատել, ոչ կարող եմ հերքել:
- Այսի՞նքն:
-Այսինքն, այդ հավաստիության վերաբերյալ որեւէ բան ասել չեմ ասել, որովհետեւ սա մի քիչ այնպիսի գործ է, որ մենք ինչ էլ ասենք, կարող է վաղը խնդիրներ ունենանք մեր աշխատանքի հետ կապված:
-Պարզապես ուզում ենք հասկանալ տեղեկությունները իրականությանը համապատասխանում ե՞ն, թե՞ ոչ, որպեսզի թյուրըմբռնում չլինի:
-Այդպիսի տեղեկությունները իրական են թե ոչ. ես չեմ կարող հաստատել, կամ հերքել: Այսինքն, ես ոչ ասել եմ որ հեռացված եմ, ոչ էլ ասել եմ, որ հեռացված չեմ:
-Ասացիք, դա այնպիսի գործ է, որ հետո կարող է խնդիրներ առաջանալ…
- Հա:
-Այսինքն ի՞նչ առումով խնդիրներ կարող են առաջանալ:
-Դե ինքը քաղաքական ենթատեքստով կարող է օգտագործվել նախաքննության գաղտնիք հրապարակելու…էդ ինֆորմացիան ինքը հասանելի չէ որեւէ քաղաքացու կամ կողմի, դրա համար ես չեմ կարող որեւէ բան ասել` սա է խնդիրը:
