Դատական համակարգը պետք է ինքնամաքրվի, դատական համակարգի սաբոտաժի ողնաշարը պետք է իսպառ կոտրվի. Վաղարշակ Հակոբյան
Հայաստանում դատական համակարգը գտնվում է ոչ ստանդարտ իրավիճակում, շատ լավ կլիներ, որ ամեն ինչ լիներ անթերի, բայց դատական համակարգի ինքնամաքրումը, զտումը օրհասական խնդիր է դարձել: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին որոշման նախագծին:
Նա նշեց, որ հեռու է այն մտքից, որ բոլոր դատավորները կոռումպացված են, և կան ազնվագույն դատավորներ: «Բայց մենք ունենք շատ դառը փորձ, որ ինձանից լավ գիտեք, որ այն դատավորները, որ տարիներ առաջ մտել են իրավական տասովկեքի մեջ, հիմա ինչ ուզում ես արա, այդ մարդիկ արդեն դրա միջով անցել են»,-ասաց պատգամավորը և նշեց, որ չի կարելի հաշտվել մի իրավիճակի հետ, որը չի բխում ՀՀ շահերից:
«Թե իշխանության, թե ընդդիմության անդամները եկան կանգնեցին այստեղ ու քննադատեցին, գրեթե չեղավ մի իրավաբան, որ ասի՝ ընդհանուր առմամբ, նորմալ է: Պարո´ն նախարար, ինչո՞ւ չեք պայմանավորվել Ձեր գոնե իշխանական գործընկերների հետ, որոնք գտնվում են Ձեզ հետ նույն քաղաքական թիմում, որ այսպիսի ելույթներ չլինեն»,-ասաց նա՝ դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին և կոչ արեց բոլորին կառուցողական միջավայրում քննարկել այդպիսի օրենքները:
«Դատական համակարգը պետք է ինքնամաքրվի, դատական համակարգի սաբոտաժի ողնաշարը պետք է իսպառ կոտրվի»,-ասաց նա: