«Տեղի ունեցածը հասարակական ու բարոյական աղետ է, երբ մոլագարի վարք դրսեւորող ոստիկանապետի պաշտոնակատարը` կարող է իրեն նման պահվածք թույլ տալ».Հայր Ներսես
NEWSMEDIA.am-ը անդրադարձել էր օրերս Սիսիանում քաղաքացիների և ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպին: Որի գլխավոր դերակատարը, ինչպես տուժածներն էին բարձրաձայնել՝ Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարն է:
Պարզվում է, ոստիկանների կողմից ծեծի ենթարկված անձիք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սպասավոր՝ Տեր Ներսես աբեղա Հարությունյանի ընտանիքի անդամներն են:
Միջադեպի մասին NEWSMEDIA.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ Տեր Ներսես աբեղա Հարությունյանից, ով իր խոսում նախ նշեց."
-Այս պահին, գործով քննություն է տարվում, մնացյալը հընթացս քննության ընթացքում ի հայտ կգա:
Տեղի ունեցածը՝ հասարակական ու բարոյական աղետ է
Անդրադառնալով կատարվածի բարոյական կողմին՝ Ներսես աբեղա Հարությունյանը նշեց.
-Ես հիմա միայն բարոյական կողմի մասին կարող եմ խոսել՝սպասելով քննության ընթացքին: Փաստ է, որ իմ ընտանիքի հետ ողբերգություն է կատարվել. անարդարության, կամայականության հնարավոր ու աներևակայելի դրսևորումներով` օրենքը պահպանելու կոչված անձանց կողմից: Ես չեմ կարող անգամ երևակայել չարության այն չափաբաժինը, որով ինչ-որ մեկը կարող է այս ինքնանպատակ, մոլագարության հասնող, սրբապիղծ բռնարարքը քաջալերել ու ծափահարել: Դժբախտությունը վարակիչ է, հատկապես նրանց համար, ովքեր հրճվում են այլոց ողբերգությունից: Տեղի ունեցածը հասարակական ու բարոյական աղետ է, երբ մոլագարի վարք դրսեւորող ոստիկանապետի պաշտոնակատարը կարող է իրեն նման պահվածք թույլ տալ: Այսքանը առայժմ, առողջություն բոլորին:
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ աշխարհից
