«Այն տունը, որը միասնական չէ ` Աստված լքում է. ուրեմն եկեք այսօր, ինչպես միշտ` միասնական լինենք».Պարգեւ Սրբազան
Անհիշելի ժամանակներից հային վիճակված է եղել դեգերել օտար ափերում, ամենատարբեր պատճառներով բախտ որոնել օտարության մեջ:
Իսկ մեր պատմության էջը արյունոտվեց՝1915 թվականին՝ երբ հայատյաց թուրքը հոշոտեց մի ամբողջ ազգի: Երբ Օսմանյան Թուրքիայի իշխանությունները ծրագրեցին և իրականացրեցին հրեշավոր ոճրագործություն:Ոճրագործություն, որ երբեք չի մոռացվել, ու չի մոռացվելու երբեք...
1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեց մտավորականության սերուցքը ՝ 600 հայազգի մտավորականներ, որոնք հետագայում սպանվեցին աքսորի ճանապարհին. Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Ռուբեն Զարդարյան, Սիամանթո, Ռուբեն Սևակ, Երվանդ Սըրմաքեշհանլյան, Ատոմ Յարջանյան, Հովհաննես Հարությունյան և այլք:
Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ։ Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին։ Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին։
Այս ողբերգական իրադարձութունների հետևանքով աշխարհի բոլոր ծագերում առաջացավ Հայկական Սփյուռքը` Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից: Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդհառաջ էլ, NEWSMEDIA.am-ը բացառիկ զրույց է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ՝ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանինի հետ:
-Սրբազան, արդյո՞ք մարդկությունը կարողացավ անցյալից դասեր քաղել: Քանզի մինչ այսօր էլ. մեր պահանջատիրությունը, ցեղասպանության վերաբերյալ զգայուն մոտեցումը, սերունդներից եւ աշխարհից ունեցած ակնկալիքները բխում են նրանից, որ հայերն ակամայից դարձան մարդկության դեմ գործված ամենամեծ հանցանքներից մեկի զոհերը:
Մենք դարձանք հանցանքն այլեւս հնարավոր չդարձնելու առաջամարտիկը, եւ մեզ դա հաջողվեց անել տարիների ընթացքում անընդհատ խնդիրը բարձրաձայնելով, անընդհատ մերժողականության դեմ պայքարելով։ Արդյո՞ք այսքանից հետո, պատմությունը կարող է կրկնվել…
-Գիտեք, հիմա հետադարձ հայացք նետելով դեպի անցյալ՝ տեսնում ենք որ այսօր շատ բան է փոխվել. այո՝ շատ բան: Պատմական Արեւմտյան Հայաստանում, մենք չունեինք երկու կարեւոր բան՝ չունեինք պետականություն, եւ չունեինք ազգային բանակ: Ինչն էլ նպաստեց, որ պատմական Հայաստանում ցեղասպանություն տեղի ունենար: Բայց 1991թվականին, երբ անկախացավ Արցախը՝ մենք բանակ ստեղծեցինք, եւ ցավալիորեն այո, Ադրբեջանը կրկին փորձեց ցեղասպանություն իրականացնել… Բայց երկու հայկական հանրապետության միասնականությունը, եւ հայկական բանակի ուժը՝ կասեցրեց նոր ցեղասպանությունը:
Այսօր շատ ավելի լուրջ փոփոխություն ունենք՝ ունենք հայոց պետականություն, ունենք Հայոց բանակ, որը երբեք թույլ չի տա՝ ցեղասպանության կրկնություն: Սա է ամենակարեւոր տարբերությունը՝ այսօրվա եւ անցյալի: Ուստի, մենք պետք է մեր բանակը, եւ մեր պետականությունը աչքի լույսի պես պահենք. սրանք են մեր ազգի պետականության երաշխիքները: Իսկ այս ամենին հիմքում՝ ընկած է ազգի միասնականությունը:
Համախումբ ուժերով պետք է առաջ գնանք. սա նոր բանաձեւ չէ, պարզապես այդ բանաձեւը պետք է պարբերաբար յուրաքանչյուրս մեր մեջ թարմացնենք: Հիշե՛ք. այն տունը, որը միասնական չէ, որը կիսատ է՝ Աստված լքում է, եւ այդ տունը քանդվում է: Իսկ այն տունը, որը միաբան է՝ այնտեղ է Աստծո օրհնությունը: Մենք՝ հայերս, մի փոքր ընտանիք ենք, եւ միասին պետք է կերտենք մեր ճակատագիրը:
-Սրբազան, այսօր ամբողջ աշխարհը պայքարում է նաեւ անտեսանելի թշնամու՝ Կորոնավիրուսի դեմ, եւ ստեղծված իրավիճակում ցավալիորեն ականատես ենք լինում, որ միասնութան, միաբանության փոխարեն՝ մարդկանց մեջ բույն է հյուսում անհանդուրժողականությունը, ատելությունը, չարն ու նախանձը, ինչո՞ւ…
-Գիտեք, մեր ժողովուրդը միշտ ուզում էր ազատ, արդար, ժողովրդավարական երկիր, ու ահա տեսնում ենք՝ ժողովրդավարական երկրի արդյունքները…Յուրաքանչյուրը՝ չափավոր, անչափ իր մտքերն է արտահայտում: Բայց ես, այնուամենայնիվ հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը. սա էլ կհաղթահարենք: Ես վստահ եմ՝ հայի խոհեմության եւ իմաստնության վրա:
-Սրբազան, Ձեր պատգամը հայ ժողովրդին:
-Կարեւոր է միասնական լինելը. չէ որ մենք նույն ազգն ենք՝ բոլորս էլ մեր հայրենիքի զավակն ենք: Միասնականությունն է մեր խաղաղության, մեր հավատքի, մեր ինքնության առհավատչյան: Եկեք այսօր, ինչպես եւ միշտ. միասնական եւ խոհեմ լինենք: Հակառակ դեպքում՝ պատմությունն ու սերունդները մեզ չեն ներելու:
Զրուցեց՝ ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆԸ
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ աշխարհից