Հացի, աշխատանքի եւ առհասարակ առօրյա հոգսերը հոգալը՝ շատ ավելի դժվար է դարձել. Մեջլիսի պատգամավորը ներկայացնում է իրանահայության առջեւ ծառացած խնդիրները
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 92,6 հազարի, գրեթե 5,9 հազար մարդ մահացել է. նախօրեին այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանպուրը:
Ինչպես են Իրանում պայքարում COVID 19-ի դեմ, մասնավորապես ի՞նչ իրավիճակ է հայ համայնքում, NEWSMEDIA.am-ը հետաքրքրվել է Իրանի մեջլիսի Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանից, ով տեղեկացրեց.
-Իրանում, Կորոնավիրուսով պայմանավորված՝ իրավիճակը շատ է տարբերվում ՀՀ-ից: Իրանում, չնայած վարակակիրների թվին, բացարձակ խուճապ չկա: Ավելին, Իրանի փողոցների մարդաշատությունը տեսնելով՝ տպավորություն է, որ առհասարակ վիրուսը մեր երկրի կողքով է անցնում: Թեպետ թվերը տեսնում եք բավականին շատ են: Հասարակությունը չի համագործակցում պետական մարմինների հետ,հավուր պատշաճի չի հետեւում ինքնամեկուսացման պահանջներին:
Թեեւ արդեն իսկ կարծիքներ են հնչում, որ վիրուսը գնալով նահանջում է, բայց եւ դժվար է ռեալ նկարագրել պատկերը:
Ինչ վերաբերում է իրանահայության վիճակին պատգամավորը նկատեց.
-Հայկական համայնքն էլ անմասն չի մնում ստեղծված իրավիաճակից: Բայց նկատելի է, որ իրանահայերը ավելի կարգապահ են, ենթարկվում են մեկուսացման կանոններին, քան իրանցիները: Համայնքի առաջ ծառացած են մի շարք խնդիրներ՝ հացի, աշխատանքի եւ առհասարակ առօրյա հոգսերը հոգալը շատ ավելի դժվար է դարձել, բայց աշխատում ենք լավատես լինել:
