«Ո՞վ է Ձեզ ասել, որ եթե ժողովուրդը Ձեզ ընտրել է` ուրեմն Ձեզ բռունցքներով միմյանց հարվածելու մանդատն էլ, հետն է տվել».Լարիսա Ալավերդյան
«Ազգային ժողովում տեղի ունեցածը խայտառակություն է.առավել զարմանալի եւ ցավալի էր ՝վարչապետի ԱԺ-ում հնչեցրած ելույթը: Նման կերպ խեղաթյուրված ներկայացնել զոհին եւ սադրիչներին՝ ամբողջովին տեղները փոխած, առավել քան ցավալի է: Ես երկու տարի շարունակ ասում եմ, որ վարչապետի բառապաշարը եւ մտապաշարը բերում է միայն ու միայն բացասական երեւույթների: Նախօրեին՝խորհրդարանում վարչապետի հնչեցրած մեկնաբանությունը ապացույցն էր այն բանի, որ նրանք որեւէ դաս չեն քաղել. իսկ «դատապարտելը», «իմ եղբայրը» եւ նման այլ արտահայտությունները՝ ամբողջովին փարիսեցիության ժանրից էին: Ինչո՞ւ, որովհետեւ այդ արտահայտություններից հետո, կրկին հնչեցին նույն քողարկված սպառնալիքները.«Պադյեզդներում կփռենք ասֆալտին», եւ այլն: Լավ, էլ ի՞նչ պետք է անեք… Դուք 2018 թվականին, բարոյական ճնշումներ էիք գործադրում «պադյեզդներում»՝ իմ կողմից այդքան էլ ոչ սիրված պատգամավորների վրա: Կապ չունի, ես ինչպես եմ վերաբերվել նախկին խորհրդարանին: Բայց թող վարչապետը չմոռանա, թե ինչպես հենց իր կոչով նախկին պատգամավորների նկատմամբ՝ հնչում էին բարոյական ճնշումներ: Ո՛չ ընկերներ, ցանկացած բռնություն՝ բումերանգի էֆեկտով հետ է վերադառնում»,-NEWSMEDIA.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին, ասաց նախկին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ, ընդգծելով.
-Այն ինչ տեղի ունեցավ նախօրեին խորհրդարանում՝ աննախադեպ էր: Իհարկե ընդհարումներ, լեզվակռիվներ եղել են, բայց նման խայտառակ տեսարանի, երբեք ականտես չենք եղել: Անգամ վարչապետը չկարողացավ բերել մի օրինակ, որ համեմատելի էր նախկինների հետ: Թող նախկիները գնան ու էլ չգան, բայց հիմա ի՞նչ. այն բոլոր սխալները որ նրանք արել են, հիմա մենք պարտավոր ենք նորից՝ ավելի կատարելագործված ձեւո՞վ տեսնելու: Ո՞վ է Ձեզ ասել, որ եթե ժողովուրդը Ձեզ ընտրել է՝ ուրեմն Ձեզ բռունցքներով միմյանց հարվածելու մանդատն էլ հետն է տվել: Ի՞նչ է, ժողովուրդը իր ձայնը տվել է, որ անընդհատ վարչապետի կողմից սպառնալիքների շարան լսի: Սա ամենադատապարտելի արարքն էր: Ես շատ ափսոսում եմ, որ վարչապետը այդ կերպ արձագանքեց: Ավելի լավ էր մի քիչ անցներ՝ նոր խոսեր, գուցե ավելի հավասարակշռված խոսք ասեր: Վարչապետի կեցվածքը անհավասարակշիռ կեցվածք է: Ես երկու տարի շարունակ ասում եմ, հորդորում եմ, խնդրում եմ, հիշեցնում եմ՝ Մովսես Խորենացու խոսքերը…Այն է, որ ցանակացած թերացում՝ իշխանության կողմից հազարապատիկ արտահայտվում է ժողովրդի մեջ: Ո՞վ է թույլ տվել ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներին՝ իրենց այդպես պահելու, ո՞վ է ասել նրանց, որ ժողովուրդը իրենց դրա համար է մանդատ տվել:
Ես նորից եմ կրկնում. ես այն մարդը չեմ, որ պահանջում եմ իշխանափոխություն, ես պահանջում եմ քաղաքականության փոփոխություն՝ որեւէ անգամ աչք չունենալով ինչ-ինչ բաների վրա: Ես միշտ քննադատել եմ նախկին իշխանություններին, նույնը անում եմ այսօր՝ հույսով, որ կփոխվեն ներսից: Ինչո՞ւ է վարչապետը ուզում տապալել մարդկանց վերջին հույսերը:
Վերջում տիկին Ալավերդյանը ամփոփելով խոսքը հավելեց.
-Առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել բոլորիս՝մայիսյան հաղթանակների առթիվ, եւ հատկապես Շուշիի ազատագրման կապակցությամբ մեր բոլոր այն հերոսներին, ովքեր Կոմանդոսի ղեկավարությամբ՝ կարողացան հրաշքով ազատագրել մեր դարավոր մշակութային կենտրոն՝ Շուշի քաղաքը:
Ն. ԱԴԱՄՅԱՆ