Պետք է ունենանք հանցավորության դեմ անկաշկանդ պայքարող ոստիկանություն, այլ ոչ թե Պողոսի սանիկ Պետրոսին հանցանք կատարելիս բռնելուց խուսափող ոստիկան. Արսեն Արշակյան
Հայաստանում ոստիկանության համակարգում տեղի ունեցող զարգացումների, նոր բարեփոխումների մասին «Փաստինֆո»-ն զրուցել է Երևանի ՃՈ նախկին պետ Արսեն Արշակյանի հետ։
-Պարոն Արշակյան, վստահ ենք հետեւում եք Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին։ Մեկ տարվա մեջ արդեն երկու անգամ փոխվում է ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը։ Արտակարգ դրության պայմաններում մեկ օրվա մեջ փոխվում են զինվորական եւ ուժային կառույցների ղեկավարները՝ առանց որեւէ բացատրության ու պատճառաբանության։ Ձեր գնահատականը։
- Անկեղծ ասած՝ իսկապես անսպասելի էր միանգամից այդ կարգի փոփոխությունը՝ չնայած հիմա անսպասելի ոչինչ չկա։ Այնպիսի բաների ենք ականատես լինում, որ գրեթե պատրաստ ենք լինում ցանկացած լուրի։ Թե ինչը կարո՞ղ էր պատճառ լինել, ինձ թվում է միայն վարչապետին է հայտնի, իսկ թե ԱԱԾ տնօրենի կամ ոստիկանապետի արագ փոփոխությունը որքանով է նպատակահարմար և ճիշտ, դա էլ երևի ինքը կիմանա։
- Երկար տարիներ աշխատել եք ոստիկանական համակարգում, խնդիրներին ծանոթ եք թե ներսից, թե դրսից՝ այսօր համառոտ ինչպես կբնութագրեք ոստիկանությունում ստեղծված վիճակը։
- Այսօր ոստիկանությունը լուրջ փոփոխությունների կարիք ունի, թե՛ օրենսդրական, թե՛ հոգեբանական։ Ոստիկանի դերը պետք է բարձրանա, պետք է ավելացնել ոստիկանի իրավունքները, ամեն տեղից վերկացողը կարող է ոստիկանին շանտաժ անել, սադրել, ինչի արդյունքում ոստիկանը հայտնվում է ծառայողական քննության մեջ կամ նյութերը տեղափոխվում է քրեաիրավական դաշտ։ Հետևաբար՝ ոստիկանն, այդ ամենը գիտակցելով, խուսափում է ավելորդ քաշքշուկից և ստացվում է այն, ինչ կա։ Իհարկե, իմ խոսքերը հիմա անհավանական եմ համարում, բայց մեկ այլ կողմից էլ պետք է օրինախախտ ոստիկանի նկատմամբ էլ լինի խստություն, օրինազանց ոստիկանին պետք է ենթարկել կարգապահական պատասխանատվության, բայց երբ տեսնում ես քաղաքացու վարքագիծը, խոսելու ձևը կամ սադրիչ գործողությունները, միևնույն ժամանակ մտքերի մեջ կանգնած ծանր ու թեթև անող իմ գործընկերներին, որոնք մտածում են՝ արժե՞ արդյոք քայլ անել, թե, ժողովրդական լեզվով ասած, «շառից հեռու» մնալ։ Սա ցավալի է։ Ոստիկանությունը պետության ներքին անվտանգության երաշխիքներից մեկն է, եթե ոչ ամենակարևորներից մեկը։ Շատ կցանկանամ, որ սա չհնչի որպես երազանք։
- Թվում է թե՝ քաղաքական իշխանությունը հենվում է ոստիկանության վրա, նրա միջոցով իրականացնում ոչ միայն ընդդիմախոսներին, այլ նաեւ շարքային քաղաքացիներին ասֆալտին փռելու օպերացիաներ, բայց, կարծես թե, ոստիկանի ներկայությունն այլեւս չի զգաստացնում քաղաքացիներին։ Ուղղակի որպես օրինակ նշենք Գավառի դեպքը, երբ շատ լավ իմանալով, որ անգամ ոստիկանապետն է գտնվում տարածքում, այդուհանդերձ մի խումբ անձինք հարձակվեցին հիվանդանոցի վրա։ Ինչու՞։
-Ոստիկանը պետք է լինի հեղինակություն, շարքայինից մինչև ոստիկանապետ, ըստ՝ տարածքի, քաղաքի, մարզի և վերջապես Հանրապետության մասշտաբով։ Իսկ դրա համար հարկավոր է ճիշտ կադրային քաղաքականություն, արժանի նշանակումներ և պրոֆեսիոնալներ, խստագույն պահանջկոտություն։ Ազգաբնակչությունը պետք է ոստիկանի մեջ տեսնի իր պաշտպանին, ընկերոջը, եղբորը։ Խոսքս, իհարկե, չի վերաբերում հանցագործներին, թե չէ երկու կողմն էլ խառն են։ Այնպիսի գործողությունների ենք ականատես լինում, որ ապշում ենք։ Ինչ-որ բան լավ չի աշխատում և պետք է գտնել այդ չաշխատող կետը և ամեն բան կշտկվի։
- Նախօրեին մեկ այլ արտառոց դեպք գրանցվեց Երեւանում՝ Դանիել Իոաննիսյանը ոստիկանի ուղեկցությամբ շրջում էր ու ինքն էր դիտողություններ անում քաղաքացիներին՝ պարետի որոշումները չկատարելու համար։ Սա ինչ էր, ոստիկանական որ գործառույթների մեջ էր տեղավորվում կապիտանի վարքագիծը։
-Ասածիս վառ օրինակը հենց Ձեր մատնանշած դեպքն է՝ Դանիել Իոաննիսյանի բանավեճը ոստիկանության գնդապետի հետ, փոխադարձ մեղադրանքներ, բայց ամենացավալին տեղում կանգնած ոստիկանության կապիտանն է, ում մեկ րոպե առաջ քաղաքացին ներկայանում է գնդապետ։ Սարսափած վիճակում կանգնած հետևում է, թե ինչպես է անհասկանալի պաշտոնյան, որին չգիտեմ ով է հանձնարարել, որ ժողովրդին կարգի հրավիրի, դիտողություններ անում։ Տպավորություն էր, որ այդ կապիտանը նշանակված էր Իոաննիսյանին չնեղացնելու կամ խաթրին կպնողներին բռնելու համար։ Անհասկանալի է ամեն ինչ, բայց լի է բազմաթիվ վտանգավոր հարցերով։
- Այսօր կրկին բարեփոխումներ են իրականացվում ոստիկանությունում, հիմա էլ ստեղծվում է պահնորդական ծառայություն՝ բարձր աշխատավարձով։ Անշուշտ, շատ կարեւոր է ոստիկանի նյութական ապահովությունը, բայց համազգեստ փոխելով ու բարձր աշխատավարձ տալով արդյոք կկարողանանք հասնել ոստիկանի հեղինակության բարձրացմանը։
- Ամենավատը գիտե՞ք որն է, որ բարեփոխում ասելիս, բոլորը միանգամից հասկանում են համազգեստի փոփոխություն, մեքենաների փոփոխություն և վերջ։ Հանդերձանքը կամ վարած մեքենան հեղինակության, գրագիտության կամ դուխի հետ կապ չունի։ Ոտքով ծառայող տղաներ կային, վստահ եմ հիմա էլ կան, որ ցանկացած սպայից կամ ֆիրմային մեքենաներով ծառայող ոստիկանից ոչնչով պակաս չեն, անգամ կլինեն դեպքեր, որ առավել են, թե՛ իրենց գիտելիքներով, թե՛ քաղաքացուն իսկապես ծառայելով և պաշտպանելով։
Նորից և նորից կրկնեմ՝ անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություն, ոստիկանության լիազորությունների ամրապնդում, դերի բարձրացում և օրինախախտ ոստիկանների նկատմամբ հսկողության ուժեղացում։ Ոստիկանը պետք է իմանա, որ իր թիկունքում կանգնած է իր հզոր համակարգը՝ իր ղեկավարով, գրագետ իրավաբաններով, ովքեր պատրաստ են պաշտպանել իրեն սադրիչներից, շանտաժներից և, եթե ինքը գիտի, որ առաջնորդվում է օրենքով, ոչ ոք չի կարող իրեն վնասել։ Այդ ժամանակ կլինեն հեղինակավոր ոստիկաններ։ Ահռելի աշխատանք է պետք կատարել։ Երանի երազանք չմնա սա։ Ինչքան շուտ, այնքան լավ։ Անկեղծ ասած ինձ թվում է որ թվարկածներս առաջիկայում կլինի երազանք։ Ինձ թվում է՝ «դրա ժամանակը չէ»։
