Այսօր իմ երկրում, ցավոք պետք է օգտագործեմ այդ բառը. ոստիկանները առանց ամոթի` «փռեցին ասֆալտին». Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն
Այսօր հայրենի ոստիկանությունը փառահեղ կերպով «վնասազերծեց» և «ասֆալտին փռեց» Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն (2006, 2011), աշխարհի առաջնությունների եռակի մեդալակիր (2009, 2010, 2013), Պեկինի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Ռոման Ամոյանին:

«Ուղղակի բառեր չեմ գտնում` նկարագրելու ոստիկանների վարքագիծը: Վատ եմ զգում, որ մեր երկրում այլեւս չեն գնահատում մարդկանց, ովքեր ՀՀ դրոշն են ծածանում աշխարհի տարբեր երկրներում. ցավ եմ ապրում, շատ մեծ ցավ»,- NEWSMEDIA.am-ի հետ զրույցում ասաց չեմպիոնը, ընդգծելով.
-Իմ հաղթանակները ես չեմ նվիրել ՀՀ որեւէ նախագահի կամ վարչապետի. ինչ արել եմ՝ արել եմ իմ երկրի, իմ ազգի, իմ դրոշի համար: Արել եմ ամեն բան Հայ ազգի ուժը, անունը տարբեր աշխարհամասերում ցուցադրելու համար: Իսկ այսօր ինձ` աշխարհահռչակ սպորտսմենիս` իմ երկրում, ցավոք պետք է օգտագործեմ այդ բառը. ոստիկանները առանց ամոթի՝ «փռեցին ասֆալտին»: Ցավում եմ, որ իմ երկրում ոստիկանի շորերով նման սրիկաներ կան, որոնց անունը ես միշտ փորձում եմ բարձր պահել: Խոսքեր չեմ գտնում. դատապարտում եմ, միայն շնորհակալ եմ իմ ժողովրդին, որ բազմահազարանոց զանգեր եմ ստանում… դա ինձ համար ամենամեծ գնահատանքն է:
