ԱԱԾ Էրեբունու բաժանմունքի նախկին պետն ու օպերլիազորը Հնդկաստանի քաղաքացուց 17 հազար 700 դոլար են շորթել
1-in.am-ը գրում է.Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, շարունակվում է ԱԱԾ երկու նախկին աշխատակիցների՝ Էդիկ Ափոյանի ու Գևորգ Գաբրիելյանի, ինչպես նաև ըստ մեղադրանքի՝ նրանց օժանդակած երրորդ անձի՝ Գոռ Մարտիրոսյանի գործի դատական քննությունը:
Ամբաստանյալները նախաքննության սկզբից կալանքի տակ են եղել, կորոնավիրուսի համավարակի հետ կապված, պաշտպանական կողմի միջնորդություններով դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել նրանց: Էդիկ Ափոյանն ու Գևորգ Գաբրիելյանն ազատ են արձակվել յուրաքանչյուրը 5 միլիոն դրամ գրավի դիմաց:
Երրորդ ամբաստանյալի՝ Գևորգ Գաբրիելյանի ընկեր Գոռ Մարտիրոսյանի մասով դատարանը խափանման միջոցին անդրադարձել է սեփական նախաձեռնությամբ և նրան ազատ է արձակել 2 միլիոն դրամ գրավով:
Ըստ մեղադրանքի՝ ՀՀ ԱԱԾ երկու պաշտոնատար անձինք, նախնական համաձայնության գալով, շորթմամբ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերով գումար, ինչպես նաև, դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, էական վնաս են պատճառել անձանց իրավունքներին և պետության օրինական շահերին:
Ըստ առաջադրված մեղադրանքների` Էդիկ Ափոյանը, զբաղեցնելով ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության Էրեբունու բաժանմունքի պետի պաշտոնը, նախապես տեղեկացված լինելով, որ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Սանդիպ Կաուշիկը ֆինանսապես ապահովված է և հայրենիքում իրավապահ մարմինների հետ խնդիրներ ունի, նախնական համաձայնության է եկել նույն բաժնի օպերլիազոր Գևորգ Գաբրիելյանի հետ` Ս. Կաուշիկից առանձնապես խոշոր չափերով գումար ստանալու հարցի շուրջ:
Այդ նպատակով Գ. Գաբրիելյանը 2019թ. հուլիսի 24-ին այցելել է Ս. Կաուշիկի բնակարան, որտեղ, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, ապօրինի գործողություններ է կատարել. առանց համապատասխան վարույթի առկայության և առանց արձանագրման զննել է Ս. Կաուշիկին պատկանող իրերը՝ համակարգիչը, հեռախոսը, փաստաթղթերը և հայտնել է, թե Հնդկաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից գրություն է ստացել ՀՀ-ից նրան արտաքսելու վերաբերյալ:
Այնուհետև Գ. Գաբրիելյանը Ս. Կաուշիկին, ինչպես նաև բնակարանում գտնվող Հնդկաստանի Հանրապետության ևս երկու քաղաքացու ուղեկցել է ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության Էրեբունու բաժանմունքի պետ Էդիկ Ափոյանի աշխատասենյակ:
Ըստ մեղադրանքի՝ Գ. Գաբրիելյանն ու Է. Ափոյանը, Ս. Կաուշիկի իրավունքներն ու օրենքով պաշտպանվող շահերը ոտնահարելու, ՀՀ-ից նրան արտաքսելու, վերջինիս կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասնակցության վերաբերյալ կեղծ ապացույցներ ստեղծելու և քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքով, շորթմամբ պահանջել են 50 հազար ԱՄՆ դոլար: Նրանք ձեռնաշղթա են հագցրել Կաուշիկին, վերցրել են նրա և ընկերների անձնագրերը ու ստացել են Կաուշիկի համաձայնությունը՝ պահանջված 50 հազար դոլարը տալու վերաբերյալ:
Հաջորդ օրը Գ. Գաբրիելյանը հանդիպել է Կաուշիկին, նրանից ստացել է 7900 դոլար: Կաուշիկն ասել է, թե պահանջված 50 հազար դոլարը տալ ի վիճակի չէ, համաձայնության են եկել 20 հազար դոլարի շուրջ…
Վերջին հաշվով, ըստ մեղադրանքի, Հնդկաստանի քաղաքացի Կաուշիկից հափշտակել են 17 հազար 700 ԱՄՆ դոլար:
ԱԱԾ նախկին պաշտոնատար անձանց՝ Էդիկ Ափոյանին և Գևորգ Գաբրիելյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ նրանց օժանդակելու համար Գոռ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 1-ին մասով և 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
Առաջադրված մեղադրանքներն ամբաստանյալները չեն ընդունում:
Տուժող Սանդիպ Կաուշիկը հայտնել է, թե Հայաստան էր եկել ռեստորանային բիզնեսով զբաղվելու համար… 2019 թվականի հուլիսի 24-ին իր բնակարան է եկել խաղատաներից մեկում իր հետ ծանոթացած Ռաջվիլը, ապա՝ նրա ծանոթ Գևորգ Գաբրիելյանը: Իր բնակարանում էին իր հայրենակիցներ Սունիլը, Ռաջվիլը, վերջինիս ծանոթուհի Լիլիթը: Գևորգն ասել է, որ ԱԱԾ աշխատակից է, ցույց է տվել համապատասխան վկայական: Նա իրենց հետ խոսում էր անգլերեն: Ասել է, թե պետք է ստուգի իրենց բոլորի փաստաթղթերը, իր համակարգիչը, հեռախոսը, տանը եղած… ամբողջ գումարը:
Ինքը գնացել է հարևան սենյակ՝ փաստաթղթերն ու գումարը բերելու: Իր հետ այդ սենյակ է մտել նաև Ռաջվիլն ու խորհուրդ է տվել տանը եղած ամբողջ գումարը ցույց չտալ ԱԱԾ աշխատողին, առաջարկել է տանը եղած գումարի մի մասը պահ տալ Լիլիթին, ով հաջորդ օրը գումարը կվերադարձնի:
Ըստ տուժող Կաուշիկի՝ ինքը տանը եղած գումարներից Լիլիթին է տվել 3700 դոլար ու 300 հազար դրամ: Փաստաթղթերի հետ միասին Գևորգին է ներկայացրել 5 հազար դոլար: Տանը մնացել է ևս 1900 դոլար: Գևորգը պահանջել է փաստաթղթերն ու գումարը դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ, ասել է, թե գնալու են ԱԱԾ գրասենյակ, դա էլ իրենց հետ են տանելու: Իրենց հետ տարել են նաև իր դյուրակիր համակարգիչը:
ԱԱԾ տվյալ գրասենյակի պետի աշխատասենյակում Գևորգն իրեն ծանոթացրել է պետի՝ Էդիկի հետ: Նրա առաջ՝ սեղանին դրված էին փաստաթղթեր, Գևորգը նրան ներկայացրել է իր փաստաթղթերը: Պետը հարցրել է, թե ինքը Հայաստանում ինչ գործունեություն է ծավալում: Նա իրեն ասել է, թե Դելիի ոստիկանության կողմից ծանուցում են ստացել՝ իրեն արտաքսելու վերաբերյալ:
Ըստ տուժողի՝ ինքը խնդրել է, որ իրեն ցույց տան Դելիից ստացված ծանուցագիրը, բայց ցույց չեն տվել: Պետը՝ Էդիկը, հարցրել է՝ ինչքան գումար ունի ինքը իր հաշիվներում՝ հնդկական, հայկական ու Դուբայի: Նա ասել է, թե տեղեկացված է, որ ինքը խաղում է «Շանգրիլա» խաղատանը , մի գիշերվա մեջ կարող է շուրջ 20 հազար դոլար տանուլ տալ:
Ինքը ԱԱԾ աշխատղների հետ խոսել է խնդրող տոնով, ասել է, որ խաղատանը երբեք այդքան գումար տանուլ չի տվել, այդքան գումարով խաղատուն չի գնացել: Իրեն վախեցրել են: Ինքը խնդրել է, որ ցույց տան Դելիից ստացված ծանուցագիրը:
Իր վրա ավելի են բարկացել, Գևորգն իր ձեռքերին հետևից ձեռնաշղթա է հագցրել, գոռացել, վախի մթնոլորտ են ստեղծել: Ասել են, թե իրեն Հայաստանում 10 տարով «կփակեն» թմրանյութերի կամ այլ շինծու գործով:
Գևորգն իրեն կարգադրել է, որ գնա, կանգնի պատի մոտ:
Պարզվել է, որ ԱԱԾ աշխատողներն իր ծանոթ Ռաջվիլին ասում են «Ջոյ»: Էդիկն ասել է, թե Ջոյն իրենց ընկերն է: Ինքը չէր հասկանում, թե ինչ է կատարվում, ու Ջոյին հարցրել է՝ ի՞նչ են ուզում ինձանից: Ջոյն էլ ասել է, թե նրանց գումար պիտի տա:
Ջոյն առանձին խոսում էր Էդիկի հետ, հետո՝ իր հետ: Առանձին խոսելու համար կամ սենյակից դուրս էին գալիս կամ գնում, դռան մոտ էին խոսում:
Ջոյն ասել է, թե նրանց 50 հազար դոլար պիտի տա: Ինքն էլ ասել է, թե այդքան գումար չունի:
Ջոյը Էդիկի հետ առանձնացել, հետո իրեն ասել է, թե համաձայն են, որ ինքը 20 հազար դոլար տա, իսկ Սունիլը՝ 10 հազար: Նրանք պահանջել են, որ այդ գումարը տալուց անմիջապես հետո ինքը Հայաստանից գնա որևէ հարևան երկիր, մի քիչ մնա, որոշ ժամանակ անց վերադառնա: Դա բացատրել են նրանով, իբր՝ Դելիին պատասխանելու են, թե ինքը Հայաստանում չէ: Ինքն ասել է, թե Հայաստանից գնալ չի կարող, ռեստորան ունի, չի կարող թողնել-գնալ: Նրանք ասել են՝ դու գումարը տուր, հետո կտեսնենք:
Ըստ տուժողի՝ ինքը Գևորգին ասել է, թե գումարը հաջորդ օրը կտա: Նրանք իր տանից վերցրած 5 հազար դոլարն ու իր անձնագիրը պահել են, համակարգիչն են միայն վերադարձրել:
Էդիկն ասել է, որ առավոտյան ժամը 10-ին գումարն արդեն իրենց մոտ պիտի լինի:
Հաջորդ օրը՝ հուլիսի 25-ի առավոտյան, Ռաջվիլ-Ջոյը եկել է իր տուն, որ գումարը վերցնի, տանի Էդիկին տա: Ինքն ասել է, թե առանց անձնագրի բանկերն իրեն գումար չեն տա: Ջոյը զանգել է, քիչ անց Գևորգը բերել է իր անձնագիրը: Ինքը վերցրել է տանը եղած 1900 դոլարը, Թումանյան փողոցի բանկերից մեկում ստացել է ևս 6000 հազար դոլար: 7900 դոլարը Ջոյի ներկայությամբ տվել է Գևորգին: Ջոյին խնդրել է, որ նախորդ օրը Լիլիթին իր տված 3700 դոլարն ու 300 հազար դրամը վերադարձնեն, որպեսզի դա էլ տա Գևորգին: Երբ 7900 դոլարը տվել է Գևորգին, նա բարկացել է, որ գումարն իրենց պահանջած ամբողջ գումարը չէ, նա զանգել, խոսել է՝ ինքը ենթադրում է՝ Էդիկի հետ, ապա իրեն հարցրել է՝ մնացածը ե՞րբ կտա: Ինքն ասել է՝ երկուշաբթի՝ հուլիսի 29-ին: Էդիկն ասել է, թե ևս 8 հազար դոլար պիտի ավելացնի:
Ինքն ու Ջոյը գնացել են Լիլիթի տան մոտ, նրան չեն գտել, գնացել են «Դալմա»: Այնտեղ է եկել Լիլիթը, ասել է, թե հենց այդ պահին գումարը տալ չի կարող, բայց կտա: Ինքը Ջոյին խնդրել է, որ նա Լիլիթից վերցնի նրա մոտի գումարը:
Շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին, Ջոյն ասել է, թե Լիլիթի մոտի գումարը վերցրել ու տվել է ԱԱԾ աշխատողներին, կարող է հաշվել՝ 4300 դոլարը տվել է: Ուրեմն երկուշաբթի իրեն մնացել էր նրանց տալ 3700 դոլար…
Դատական այս նիստին դատարանը հարցաքննեց գործով վկա, վերը հիշատակված Լիլիթին՝ Ջոյի մտերմուհուն:
Վերջինս հայտնեց, թե Հայաստանում է կարճ ժամանակով, աշխատում է արտերկրում:
2019 թվականի հուլիսի 24-ին, երբ ինքը Ջոյի հետ էր, նա ասել է, թե համերկրացի ծանոթն իրեն մեծ գումար է պարտք, ինքը չի կարողանում նրանից ստանալ պարտքը: Ջոյն ասել է, թե պարտապանը գումար ունի՝ ծախսեր է անում, նրա երեխաները թանկ ուսումնական հաստատություններում են սովորում, բայց նա իր պարտքը չի վերադարձնում: Ջոյը նույնիսկ հարցրել է՝ չե՞ն կարող իր բարեկամի միջոցով, որը ոստիկանության ծառայող էր, վախեցնեն այդ պարտապանին ու նրանից ստանան պարտքը: Ջոյն ասել է, թե բավական է, որ ոստիկանը Սանդիպին ինչ-որ փաստաթուղթ ցույց տա, վախեցնի, «սթափեցնի»: Վկա Լիլիթն ասաց, թե ինքը չի համաձայնել Ջոյի առաջարկին: Վերջինս ասել է, թե ծանոթներից մեկին է խնդրելու, որպեսզի վախեցնի պարտապանին…
մանրամասն՝այստեղ: