Նախագահի հրամանագրերով ՀՀ ԶՈՒ 3 գնդապետի տրվել է գեներալ-մայորի կոչում
(Լուսանկարում՝ ձախից աջ՝ Անդրանիկ Փիլոյան, Ժիրայր Պողոսյան, Արտակ Տոնոյան)
Այսօր՝ հուլիսի 15-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով երեք զինծառայողի գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել։
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել՝
5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Սուրենի Փիլոյանին
1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ժիրայր Համլետի Պողոսյանին
Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Արտաշի Տոնոյանին
Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Տավուշի հատվածում, հուլիսի 12-ից սկսված՝ մարտական գործողությունների արդյունքում զոհված ՀՀ ԶՈՒ 4 զինծառայողը ևս այսօր նախագահի հրամանագրերով հետմահու պարգևատրվել է:
Մասնավորապես՝ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը՝ «Արիության» մեդալով, իսկ կրտսեր սերժանտներ Սմբատ Գևորգի Գաբրիելյանն ու Գրիշա Վահանի Մաթևոսյանը՝ «Մարտական ծառայության» մեդալով: