«Հեր ջան, տղավարի Ձեզ պահեք. սաղ լավ ա լինելու, բան չմնաց` ութ օր ու տղեդ տունն ա»,-Գրիշա Մաթեւոսյանի վերջին խոսքերը
Օրեր առաջ Սիսիանում զինվորական կարգով հողին հանձնեցին հուլիսի 14-ին հակառակորդի կրակոցից զոհված ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գրիշա Մաթեւոսյանին: Ինչպիսի զինվոր էր Գրիշան, ի՞նչ նպատակներ ուներ, ե՞րբ է վերջին անգամ խոսել հարազատների հետ, NEWSMEDIA.am-ը զրուցեց մեր հերոս զինվորի` ԳՐԻՇԱ ՄԱԹԵՒՈՍՅԱՆԻ հայրիկի` ՎԱՀԱՆ ՄԱԹԵՒՈՍՅԱՆԻ հետ, ով որդու մասին` դժվարությամբ, բայց առաջին անգամ մեզ հետ խոսեց.
-Մեր առաջնեկը` մեր Գրիշը, շպիտը դեմքին էր ծնվել, ամենատխուր բանի մեջ ուրախության հատիկ էր գնում ու բոլորիս սիրտ տալիս: Մարզիկ էր տղես, Սիսիանի ֆուտբլի թիմի ավագն էր, միշտ առաջին տեղն էր ընկնում, միշտ գլուխներս բարձր պահելու առիթ էր տալիս: Ուժեղ, դուխով, հայրենասեր, ընկերութանը նվիրված տղա էր իմ ջիգյարը:
-Ի՞նչ նպատակներ ուներ Գրիշան:
-Ասում էր. «Պապ, ուզում եմ լավ մարդ դառնամ. դրանից բարձր կոչում, մասնագիտություն չկա: Սովորում էր Երեւանի տնտեսագիտական համալսարանում, ասում էր. «Ամեն ինչ անելու եմ, որ փափախդ ծուռ դնես ման գաս հեր ջան»: Էդպես էլ արեց(-հուզվում է. ): Տունը չէր մնում, սաղ օրը ընկերների հետ էր:
-Ե՞րբ եք խոսել վերջին անգամ Ձեր տղայի հետ:
-Հենց ապրիլի 14-ին, դեպքի օրը, զոհվելուց մի քանի ժամ առաջ զանգեց, անհանգիստ էինք` հանգստացրեց ու ասեց. «Հեր ջան տղավարի Ձեզ պահեք, սաղ լավ ա լինելու, չմտածես, բան չմնաց` ութ օր ու տղեդ տունն ա»: Էդ էր Գրիշիս վերջին բառերը: Մի քանի ժամ հետո իմացանք, որ տղես էլ չկա…
Հիշեցնեք, որ 2020 թվականի հուլիսը փառավոր տողերով գրվեց-մնաց մեր պատմության ոսկեմատյանում՚.գրվեց արյամբ, գրվեց հայ զինվորի ամրակուռ ոգու եւ բազկի հաղթանակով: ՀՀ պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված Գարուշ Համբարձումյանի, Սոս Էլբակյանի, Սմբատ Գաբրիելյանի եւ Գրիշա Մաթեւոսյանի լուսապսակ անունները հավերժորեն անմահացան մեր հերոսամատյանում:
Պատրաստեց՝ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆԸ
