Այս քայլով կոնկրետ վտանգի տակ է դրվում Կրեմլի նախաձեռնությամբ ստեղծված դաշինքի վարկն ու հեղինակությունը
Հայտնի է, որ ՌԴ-ի առևտրի կենտրոնների ցանցից անհետացել են հայկական արտադրանքները:
Հայազգի խոշոր արտահանողները ահազանգել են, որ հայկական արտադրության բոլոր ապրանքները հանվել են «Տվոյ դոմ» առևտրի կենտրոնների ամբողջ ցանցից, որը պատկանում է Արազ Աղալարովին և հարևան երկրի այլ անձանց:
Նշենք, որ խոսքը հիմնականում գնում է պահածոյացված մթերքի, ինչպես նաև հանքային ջրի և ալկոհոլի մասին: Փոխարենը, բոլոր վաճառասեղանները լցրել են Ադրբեջանում արտադրված ապրանքներով:
Հ.Գ
Հուսանք ՌԴ իշխանությունները անհապաղ միջոցներ կձեռնարկեն՝ Եվրասիական Տնտեսական Միավորման հետ կապ չունեցող երկրի սանձարձակ ներկայացուցիչների ծավալած սադրանքի դեմ, քանի որ այս քայլով կոնկրետ վտանգի տակ է դրվում Կրեմլի նախաձեռնությամբ ստեղծված դաշինքի վարկն ու հեղինակությունը:
Այդ թվում նաեւ խստագույնս պատասխանատվության կենթարկեն ՌԴ-ի տարածքում հարստացած եւ բիզնես գործունեություն ծավալած ադրբեջանցի այն գործարարներին, ովքեր իրենց անձնական քմահաճույքներն ու ադրբեջանական կապրիզը՝ վեր են դասել ՌԴ օրենսդրությունից եւ Եվրասիական Տնտեսական Միավորման կանոնադրությունից:
Քանի որ այս քայլով, իրենց վերին արտի ցորեն պատկերացնող ադրբեջանցի գործարարները փորձում են ապտակ հասցնել ոչ միայն ՌԴ-ի օրենսդրությանը, այլ նաեւ այն դաշինքին, որի լիիրավ անդամ է Հայաստանի Հանրապետությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը 2015թ. հունվարի 2-ից պաշտոնապես հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ և կիրառում Եվրասիական տնտեսական միության նորմատիվ իրավական բազայի դրույթները` մաքսասակագնային և սակագնային կարգավորման մասով:
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ
