Հայ-ռուսական կլոր սեղանի ընթացքում ՍԻՄ նախագահը նշեց արցախյան խնդրի պատճառները եւ լուծման տարբերակները
– Լեռնային Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտի արմատները դրվեցին ավելի քան 100 տարի առաջ,- ասաց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը` սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած Եկատերինբուրգ-Մոսկվա-Երեւան Կլոր սեղանի ժամանակ, որն առաջին միջոցառումն էր «Ուրալից Արարատ» նոր նախագծի շրջանակներում:
«Երբ թուրքական զորքը ներխուժեց Անդրկովկաս եւ, կազմակերպելով հայ բնակչության կոտորածներ Նախիջեւանում, Արցախում, հասավ Բաքու, որն այն ժամանակ կառավարվում է Բաքվի կոմունայի կողմից եւ որը պաշտպանում էր հիմնականում հայերից բաղկացած զորքը: Թուրքական բանակի ներխուժումից հետո Բաքվում տեղի ունեցավ հայ բնակչության կոտորած, իշխանության բերվեցին ադրբեջանական ազգայնամոլները, եւ թուրքական սվինների վրա ստեղծվեց Ադրբեջան կոչվող պետությունը, որը մինչ այդ երբեք պատմության մեջ չի եղել: Դրանից հետո այդ պետությունը սկսեց էքսպանսիա հայկական հողերի վրա, այդ թվում` Արցախի»,- նշեց Հայկ Բաբուխանյանը:
Անդրադառնալով հարցի լուծման տարբերակներին` ՍԻՄ նախագահը նշեց, որ այն կարող է լուծվել երկու եղանակով. առաջին տարբերակը համաեվրոպական անվտանգության նոր համակարգի ստեղծում, որը հիմք ընդունելով ազգերի ինքնորոշման իրավունքը,կձեւավորի Արցախի եւ նմանատիպ հարցերի խաղաղ լուծման մոդել, եւ լուծման երկրորդ տարբերակը այն է, որ նախկին ԽՍՀՄ-ի տարածքում ձեւավորվի այնպիսի քաղաքական միություն, որը կկարողանա լուծել իր տարածքում խաղաղության եւ կայունության խնդիրները:
Կլոր սեղանը վարող Եկատերինբուրգի պետհամալսարանի դասախոս եւ հայտնի քաղաքական փորձագետ Անդրեյ Ռուսակովի այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանի անդամակցությունը «Արեւելյան գործընկերության» համակարգին ավելացրեց Հայաստանի կայունության աստիճանը, Հ. Բաբուխանյանը բացասական պատասխան տալով` նշեց, թե այդ ֆորմատի արդյունավետությունը վերոհիշյալ տեսանկյունից զրոյական էր, եւ նշեց, որ կայունացնող եւ խաղաղությունը վերականգնող հիմնական ուժը Ռուսաստանն է, որի ջանքերով հաջողվեց մարել վերջերս Տավուշի սահմաններում ծագած կոնֆլիկտը: