Ադրբեջանցի զինվորականները փորձեցին մտնել դեպի Դադիվանքի տարածք, բայց խաղաղապահ զորքն ասեց՝ «Հե՛տ գնացեք»
Քարվաճառի բնակչության տեղահանման, Դադիվանքի կարգավիճակի թեմայով «Հրապարակը» խոսել է Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի հետ։
-Երեկ Քարվաճառը հանձնվեց, ադրբեջանական զորքը եկավ, հիմա ի՞նչ իրավիճակ է Դադիվանքում, Քարվաճառի բնակչությունն ի՞նչ արեց երեկվանից սկսած։
-Վանքը գործել ու գործում է, ունենք սարկավագներ։ Եվ այս պահին ես, Վեհափառի տնօրինությամբ, գտնվում եմ Երևանում՝ բուժումների։ Ես խնդիրներ ունեի, Վեհափառ հայրապետն իմացավ, և հիմա ես այստեղ եմ, երեկ եմ եկել։ Ինձ փոխարինել է Հայր Մովսեսը, սարկավագներն այնտեղ են, բոլոր ծեսերը ընթանում են, և եկեղեցին գործում է։
-Ադրբեջանցի զինվորականների հետ խնդիր չի՞ եղել կամ Քարվաճառ եկողների հետ։
-Զինվորականները չեն մտել եկեղեցի, նրանք փորձեցին մտնել դեպի Դադիվանքի տարածք, բայց խաղաղապահ զորքն ասեց՝ «Հե՛տ գնացեք», իրենք հետ գնացին։
-Դադիվանքն ինչպե՞ս է գործելու, ինչպե՞ս եք գնալ-գալու, ձեր անվտանգությունն ո՞վ է ապահովելու։ Ինչպե՞ս եք աշխատելու այս իրավիճակում։
-Անվտանգության հարցն ինձ մոտ խնդիր է, որովհետև, Դուք գիտեք, ադրբեջանցիներն ուզում են ինձ գերի վերցնել կամ ոչնչացնել, բայց դա խնդիր չէ, միշտ էլ այդպես եղել է։ 90-ական թվականներից մենք մեր ծառայությունը մատուցում ենք: Եթե այս կիրակի չկարողանանք, մյուս կիրակի ուզում ենք ուխտավորներ տանել խաղաղապահների հսկողության ներքո, գնանք Դադիվանք, պատարագենք, մեր ծառայությունը մատուցենք։
-Ի վերջո Դադիվանքն ինչպե՞ս հնարավոր եղավ պահել ձեր վերահսկողության տակ։
-Ինչպե՞ս պետք է լինի, Աստված կամեցավ, այդպես էլ եղավ։ Դադիվանքը հանրաճանաչ եկեղեցի է, բոլորը գիտեն։ Դադիվանքը 2 հազար տարվա պատմություն ունի, և պահեցինք։ Ժողովուրդն Աստծո օրհնությամբ պահեց։
-Ցանկանում էին իմանալ՝ Դո՞ւք եք դիմել Ռուսաստանի նախագահին, Նորին Սուրբ Օծությունն է դիմել Ռուսաստանի նախագահին։ Տեղեկություններ կան նաև, որ Գարեգին Բ-ն դիմել է Ռուսաստանի հոգևոր առաջնորդին, և նա միջնորդել է Վլադիմիր Պուտինի մոտ, որ հնարավոր լինի։
-Ես գիտեմ, որ ամեն մարդ իր գործով զբաղվեց, իր առաքելությամբ, իր պարտականությամբ, և հասանք արդյունքի։
-Իսկ տեղյա՞կ եք, քարվաճառցինեն ինչպե՞ս լքեցին իրենց բնակարանները, շինությունները, որոնք ունեին՝ բիզնեսներ, այլ կետեր։
-Շատ դժվարությամբ, ոմանք չկարողացան իրենց ունեցվածքը տեղափոխել, այրեցին իրենց տները։ Շատ դժվարությամբ դուրս եկան, ցավով, կսկիծով և վերադառնալու ակնկալիքով։
-Դադիվանքի պաշտպանությունը կոնկրետ ինչպե՞ս են ապահովում խաղաղապահները, քանի՞սն են, զինտեխնիկա կա՞, չկա՞, տեղյա՞կ եք։-Մենք իրավունք չունենք այդ թվերը Ձեզ ասելու։ Մեր զորքն էլ այնտեղ կանգնած է, Դադիվանքից վերև, և խաղաղապահ զորքն էլ մեզ մոտ է։
-Ամբողջովին ձեզ պաշտպանված զգո՞ւմ եք խաղաղապահների ներկայությամբ։
-Դա էլ չենք կարող ասել, ամբողջությամբ, ո՞վ է կարող այդ երաշխիքը տալ։ Բայց մենք ինչպես մատուցել ենք մեր ծառայությունը Դադիվանքում, այդպես էլ մատուցում ենք։
-Իսկ ինչպե՞ս եք ուխտավորներին բերելու Դադիվանք։
-Խումբ ենք կազմելու, խաղաղապահ զորքի ուղեկցությամբ գնալու ենք պատարագի, մոմավառության, աղոթքի ու նույն կերպ հետ ենք գալու։
-Հայաստանից ի՞նչ ճանապարհով եք գալու։
-Հայաստանից չէ, Ղարաբաղից, Հայաստանից չկա ճանապարհ, վերջ։
-Այսինքն՝ տեղյա՞կ չեք, թե Հայաստանից ինչպես պետք է ուխտավորները գան Դադիվանք։
-Ուխտավորները գալիս են Գորիսով, Լաչինով, գալիս են Ստեփանակերտ, այնտեղից կազմակերպում ենք ու տանում Դադիվանք։
-Դուք ձեր գործունեությունը կարող եք իրականացնել միայն Դադիվանքի՞ տարածքում, իսկ տարածքից դուրս ձեր բոլոր քայլերը կատարվելու են խաղաղապահների՞ ուղեկցությամբ։
-Ի՞նչ քայլեր։
-Օրինակ՝ գնում եք մի տեղից մեկ այլ տեղ, կամ ուտելիք եք բերում, ձեր բարեկամներն են այցելում ձեզ։
-Առայժմ այդպիսի բան չկա։ Մենք խաղաղապահ զորքի օգնությամբ գնում ենք այնտեղ, մեր ծառայությունը մատուցում, մնում, գիշեր-ցերեկ մնալու ենք այնտեղ։ Հերթափոխ ենք անում, շաբաթը մեկ կամ տաս օրը մեկ հոգևոր կազմը հերթափոխվելու է։
-Իսկ սննդի ապահովում, ջրի ապահովում․ այդ ամենն ինչն ինչպե՞ս է կատարվելու։ Սննդի, կենցաղային ապահովումները խաղաղապահների միջոցո՞վ է լինելու։
-Ոչ, մենք ենք մեզ հետ տանելու։ Ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ կա։ Մենք այդպիսի խնդիրներ չունենք։ Մենք գալիս ենք մինչև Մարտակերտի և Քարվաճառի սահման, խաղաղապահ զորքը մեզ ուղեկցում է դեպի Դադիվանք։ Գնում-գալիս ենք, մեր ծառայությունը մատուցում ենք, հերթապահում ենք, հերթափոխում ենք։
-Հոսանք ունե՞ք։
-Հոսանք չկա, մենք գեներատորներ ունենք, դրանցով ենք հոսանք ստանում։
-Մինչև ե՞րբ եք Հայաստանում մնալու։
-Ես բուժումների մեջ եմ, հենց բուժումներս ավարտեմ, կգնամ։
