Երդվել էր Ռազմիկ Սահակյանը հանուն հայրենիքի չխնայել կյանքը ու չխնայեց, պայքարեց ու մինչև վերջին շունչը մնաց իր դիրքում կանգնած. Անմահացել է նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը, երբ համաձայնագրի ստորագրմանը մնացել էր ընդամենը մեկ օր
Հայրենասեր հայի, մերօրյա հերոսի իրական կերպար էր առօրյա կյանքում ժպտերես, կենսախինդ, սակայն ծառայության մեջ զինվորականի խրոխտ հայացքով Ռազմիկ Հենրիի Սահակյանը: Ով գիտակցելով հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը մինչեւ վերջին շունչը կանգնած էր սահմանին՝ պաշտպանելով հողը հայրենի:
ԵՊՀ-ի Հանրային կառավարում բաժնում էր սովորում մերօրյա հերոսը, ով ուսումը կիսատ թողնելով մեկնել Հայոց բանակ իր բաժին պարտքը հայրենիքի համար կատարելու: Երդվել էր Ռազմիկ Սահակյանը հանուն հայրենիքի չխնայել կյանքը ու չխնայեց, պայքարեց ու մինչև վերջ մնաց իր դիրքում կանգնած:
Մերօրյա հերոսը անմահացել է նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը՝ Մարտունիում, երբ համաձայնագրի ստորագրմանը մնացել էր ընդամենը մեկ օր: 43 օր շարունակ պատերազմ տեսած մերօրյա հերոսը երբեք չի դժգոհել ծառայությունից՝ առավելեւս պատերազմի արհավիրքներից, որովհետեւ վստահ էր՝ հաղթելու ենք: Միայն կարոտն էր խեղդում, հարազատների կարոտով զոհվեց մեր հերոսը՝ հավետ կարոտով ու սգի մեջ թողնելով ծնողներին, ընկերներին ու հարազատներին:
Ի՞նչ երազանքներ ուներ հանուն հայրենիքի նահատակված ՌԱԶՄԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ, ինչպիսի՞ փոքրիկ էր, ի՞նչ էր պատմում պատերազմից, որո՞նք էին նրա վերջին խոսքերը այս եւ այլ հարցերի շուրջ էլ զրուցել ենք ՀԵՐՈՍ ՌԱԶՄԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ քույրիկի՝ Սոֆյա Սահակյանի հետ, ով եղբոր մասին պատմելիս հիշում է.
- Ռազը նպատակասլաց էր, պայքարող ու ֆանտաստիկ ունակությունների տեր։ Չէր սիրում ժամանակ կորցնել դասերի վրա, բայց անում էր ամեն ինչ շատ լավ ու շատ արագ, միշտ գերազանց է սովորել թե դպրոցում, թե համալսարանում։ Ժպտերես էր, բոլորին օգնող ու բոլորի հետ սիրով էր շփվում, երբեք ոչ մեկի չէր կոպտում, ոնց որ բարի հրեշտակ լիներ: Բավարարվող էր, երբեք ծնողների առաջ պահանջներ չէր դնում, ինքն էր փորձում հասնել իր ուզածին, ու միշտ մեծի պես է եղել, անգամ փոքր ժամանակ մեծական գործեր էր անում, օգնում բոլորին, երևի տան մեծն էր, այն էլ տղա` դրա համար, չգիտեմ, բայց ամեն ինչ իր վրա էր վերցնում։ Մանկուց նաև նկարում էր, նկարում էր մատիտով ու շատ լավ, բայց չէր ուզում ապագայում նկարիչ դառնալ, դա իր համար միայն հոբբի էր...
Ռազմիկը մեծ ոգեւորությամբ ու բարձր տրամադրությամբ էր մեկնել ծառայության.
- Ռազմիկը շատ էր սպասում բանակ գնալուն ու իր համար պարտադիր պայման էր Արցախում ծառայելը, շատ էր սպասում գնալուն, բայց վստահ էր, որ գալու է շարունակի ուսումը, դեռ միայն դրա վրա էր կենտրոնացած, պետք է գար ու մեքենա գներ, մեքենա ունենալն իր նպատակն էր, շատ էր սիրում ու ուզում էր իր մեքենայով վարել սովորել, բայց սեփականը չհասցրեց ունենալ... բայց ուսման հետ մեկ տեղ ուզում էր նաև աշխատել, որ գար ես ու ինքը Երևանում պետք է ապրեինք` սովորելու նպատակով առանձնացել ենք ծնողներից, ասում էր` գամ կողքիդ լինեմ, նաև դու իմ դասերը կանես, որ ես աշխատեմ, մեր վարձերը տամ...
43 օր շարունակ Ռազմիկը անգամ չէր կասկածում, որ հաղթանակը մերն է լինելու.
- Վստահ էր, չէր էլ անդրադառնում դրան, միշտ ոգևորությամբ էր խոսում, երբ հարց էր լինում ասում էր` հեսա մի երկու գործ կա, անենք գանք, փորձում էր այնպես խոսել, որ չանհանգստանանք, իր հետ, որ խոսում էինք, թվում էր ոչ կռիվ կա, ոչ պատերազմ, բայց իրականում ինքը առաջնագծում էր։ Անգամ հեռախոսի մյուս կողմից պայթյունի կամ այլ ձայներ են լսվել, ասում էր մի րոպե քուրս ու վայրկյաններ անց ասում լավ անցավ ու շարունակում խոսել, ես էլ հարցեր չէի տալիս, չէի ուզում ծանրացել խոսակցությունը, մեկ է չէր պատասխանելու, ինքը մանրամասներ ներկայացնել չէր սիրում, բայց ասել էր` հիմա հարցեր մի տվեք, բան չեմ ասի, գամ սաղ կպատմեմ... նոյեմբերի 6-ի երեկոյան ենք խոսել վերջին անգամ, բայց ամեն խոսելուց ասում էր լավ մնա քուրս, էնքան դժվար էր իր լավ մնան լսել, ամեն անջատելուց արդեն աղոթում էի, որ հաջորդ զանգը չուշանա, ու չէր ուշանում, ինքը ամեն օր զանգում էր, դրա համար ամսի 6-ից հետո, որ չէր զանգում, ամեն օրը տագնապով էր, դեռ չգիտեինք իր դեպքի մասին ու ամեն զանգից շունչներս պահած իր ձայնն էինք ուզում լսել... միայն իր զանգերի վերջին մի երկու օրն էր անտրամադիր խոսում, հետո իմացանք, որ իր դեպքից օրեր առաջ էլ իր հրամանատարն էր զոհվել, գուցե դա էր պատճառը, բայց արդեն տրամադրությունը նույնը չէր...
շարունակությունը՝ Iravunk.com-ում:
