«Ավելի քան 3 շաբաթ առաջ հայտարարված հրադադարից հետո հայ զինվորները դեռ կտտանքների են ենթարկվում Ադրբեջանում». Գև Օրկյանը՝ հայ ռազմագերիների մասին
Բրիտանահայ շոումեն, երաժիշտ Գև Օրկյանը, ով պատերազմի առաջին օրերից Հայաստանին ու Արցախին սատարող գրառումներ է անում, Ինստագրամի իր էջում հրապարակում է արել՝ անդրադառնալով գերության մեջ գտնվող հայ զինվորներին վերադարձնելու հարցին:
Գևը հրապարակել է իր լուսանկարը՝ Հայաստանի դրոշի գույներով, որի վրա գրված է. «Ավելի քան 3 շաբաթ առաջ հայտարարված հրադադարից հետո հայ զինվորները դեռ կտտանքների են ենթարկվում Ադրբեջանում: Ի՞նչ է կատարվում: Ազատե՛ք մեր զինվորներին: Սա բարբարոսական վարքագիծ է: Աշխարհը լուռ է, իսկ իմ ժողովրդին դեռ գլխատում և անդամահատում են: 21-րդ դար, շարունակվում է Ցեղասպանությունը»,-գրել է Գևորգը՝ ավելացնելով «1915-2020» հեշթեգը:
Լուսանկարին կից նա նաև գրառում է արել, որտեղ մասնավորապես նշել է. «Փրկեք մեր ժողովրդին՝ կոչ անելով դադարեցնել հայ զինվորների դեմ ցեղասպանությունը: Ադրբեջանն ապացուցեց, թե որքան բարբարոս է»:
Գրառման մեջ Գևորգը նշել է համաշխարհային ճանաչում ունեցող հայ աստղերին՝ Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին, Շերին, Ալեքսիս Օհանյանին:
