Facebook-ը և Instagram-ը ներկայացուցչություններ կբացեն Թուրքիայում
Facebook և Instagram ընկերությունները ներկայացուցչություններ կբացեն Թուրքիայում` ըստ այդ երկրի՝ սոցիալական ցանցերի կարգավորման մասին նոր օրենքի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության ղեկավարի տեղակալ Օմեր Ֆաթիհ Սայիանը, գրում է է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Գովազդի արգելքը մտցնելուց մեկ օր առաջ ես ուզում եմ մեր քաղաքացիներին տեղեկացնել լավ նորությունների մասին: Facebook-ը և Instagram-ը հայտարարել են, որ մեր երկրում ներկայացուցչություններ կբացեն՝ 7253-րդ օրենքի (սոցիալական ցանցերի կարգավորման մասին) համաձայն, որն ուժի մեջ է մտել 2020 թվականի հոկտեմբերի 1-ից»,- ասվում է Սայիանի հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ նոյեմբերին Facebook, Instagram, Twitter, YouTube, Periscope և TikTok սոցիալական ցանցերը Թուրքիայի իշխանությունների կողմից տուգանվել էին 10 միլիոն լիրայով (մոտ 1,2 միլիոն ԱՄՆ դոլար) երկրում իրենց ներկայացուցիչների մասին ժամանակին տեղեկատվություն չտրամադրելու համար:
Բացի այդ, հուլիսին Թուրքիայի խորհրդարանը ընդունել էր սոցիալական ցանցերի կարգավորման մասին օրենք, որի համաձայն՝ ավելի քան 1 միլիոն օգտատեր ունեցող մեծ սոցիալական ցանցերը պետք է ներկայացուցչություն ունենան Թուրքիայում, որի ղեկավարը պետք է լինի Թուրքիայի քաղաքացի: