Առողջապահության նախարարություն. կա որոշակի տարբերակված վերաբերմունք պատվաստանյութերի հանդեպ
Այո, որոշակի տարբերակված վերաբերմունք պատվաստանյութերի հանդեպ կա։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում, Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքային քննարկման ժամանակ, սեպտեմբերի 23-ին ասաց հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր արտադրող երկիր ինքն է որոշում իր սեփական քաղաքականությունը պատվաստման մասով։ «Ասենք՝ ո՞ր պատվաստանյութին տալ նախապատվությունը, ի՞նչ չափով ուսումնասիրել այս կամ այն պատվաստանյութի գրանցումը եւ ո՞ր փուլում թույլատրել պատվաստանյութի ներկրումը երկիր։ Բայց Հայաստանն առաջնորդվում է մեկ սկզբունքով՝ հանրապետությանը հնարավորություն տալ ունենալ այնքան պատվաստանյութեր, որոնք թույլ կտան քաղաքացիներին ազատ տեղաշարժվել տարբեր երկրներում»,- պարզաբանել է Ավանեսյանը։