Այնպես կանես, որ քոնը տարբերվի. որովհետեւ այդ գրադարանում ոմանց գրքերը մնում են պատմության անջնջնելի էջերում, ոմանցն էլ անհետանում են ժամանակի փոթորիկներում
Հիշում եմ` դպրոցում, առաջին դասարանի ուսուցչուհիս ամեն անգամ թելադրություն գրելիս մեզ հիշեցնում էր.«Երեխաներ սկսում ենք մի մատ խորքից»:
Հաշվի առնելով իմ հուզական բնավորությունը նույն խորհուրդը ինձ տվեց վերջին զանգիս օրը, երբ նա արդեն հիվանդ անկողնային պառկած էր: Գնացել էի Նրան տեսնելու, ասելու շնորհակալություն, որ հենց ինքն էր իմ առաջին դասարանի դասղեկը: Այդ օրը ձեռքս բռնեց ու տվեց կյանքիս ամենարժեքավոր խորհուրդներից մեկը.
«Կյանքի նոր փուլ մտնելիս էլ կսկսես մի մատ խորքից, ու հիշի՛ր, եթե թելադրության մեջ ուղղումներ էիր կատարում, կյանքում երբեք թույլ չտաս քո գրածը ուղղեն: Ինքդ էլ աշխատի այնպես գրել, որ ուղղումների կարիք չլինի, որ ստիպված ջնջումներ չանես, որ հետո սեւագրության չվերածվի: Հիշում ես չէ՞, դպրոցում թելադրությանդ վերջում միշտ թվանշան ես ստացել, բայց կյանքում թույլ չտաս, որ կյանքիդ գիրքը գնահատման առարկայի վերածեն: Տարբեր մարդիկ մուտք կգործեն գրքիդ տողեր, ոմանք կմնան այնտեղ, ոմանք էլ մեկ ուրիշի գրքի տողերում իրենց տեղը կգտնեն, բայց դու չնեղվես, որովհետեւ դա է կյանքի գիրքը` վերելքներով, վայրեջքներով, ձեռբերումներով ու կորուստներով: Այնպես կանես, որ վերջում, երբ բոլորի գրքերը դրվեն մի շատ մեծ գրադարանում քոնը տարբերվի, որովհետեւ այդ գրադարանում ոմանց գրքերը մնում են պատմության անջնջնելի էջերում, ոմանցն էլ անհետանում են ժամանակի փոթորիկներում»:
ԻՐ ԳԵՂԵՑԻԿ ՈՒ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀՈՒՇԵՐԻ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐՈՎ ՖԲ ԻՐ ԷՋՈՒՄ ԿԻՍՎԵԼ Է ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ, ԼՐԱԳՐՈՂ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ: