Մամ, դու իմ արևն ես, բայց ես ունեմ ավելի մեծ արև՝ առանց դրա 3 միլիոն կյանք կմթնի․Մերօրյա քաջորդու՝ Նարեկ Սերոբյանի սխրանքի ուղղին
«Հերոսը մեր բակից» խորագրի այսօրվա հայորդին` կյանքը հանուն հայրենիքի տված Նարեկ Արմենի Սերոբյանն է։ Մեր Տղայի կարճ, բայց հարուստ կենսագրությունը մեզ է ներկայացրել հերոսածի մայրը՝ Ռայա Ալավերդյանը։
Հերոսը Նարեկ Արմենի Սերոբյանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 9-ին, Երևանում։ 2007-2009թթ սովորել է Երևանի թիվ 187 դպրոցում, այնուհետև Րաֆֆու անվ. 36 հիմնական դպրոցում, Մասնակցել է արտադասարանական մի շարք խմբակների՝ «Տեկվանդո» «Լող», «թենիս», «թատերական», ինչպես նաև շախմատի և այլն։ Գեղեցիկ ու յուրահատուկ պատանի էր, սեր էր, կյանքով լեցուն, սիրված ու հարգված բոլորի կողմից , անչափ բարի ու համեստ։Նա երբեմն քչախոս ու լուրջ էր, երբեմն էլ՝ կատակասեր ու ազատ։ Իդեալական կերպար էր, իր մեջ ամփոփված էր մարդկային բոլոր բարձր հատկանիշները։ Դպրոցական տարիներին բազմաթիվ միջոցառումների ակտիվ մասնակից էր ու իր տեսակով այդ միջոցառումներին գույն տվողը։ Կերտել է բազմաթիվ կերպարներ ներկայացումներում՝ «Ջալալեդի»,<<Մոնթե>>, <<Ռուբեն Սևակ>> « Վահան Տերյան», «Կոմիտաս» ու արժացնել բազմաթիվ պատվոգրերի։ Քաղաքապետարանի կողմից արժանացել է «Տարվա լավագույն կերպարի մարմնավորում» պատվոգրին։ Հայրենիքն իր համար մեծագույն արժեք էր,հերիք է հիշել միայն նրա շուրթերից հնչող հայ մեծերի բանաստեղծությունները՝ ձայնի յուրահատուկ հնչերանգով, հույզի փոխացմամբ իր լսարանին։ Մեջբերում ենք մի փոքրիկ հատված խոսակցությունից <<Մասիսն իմ աչքերով>> ասել է Նարեկը ուսուցչին։ <<Իմ կարծիքով Մասիսն ու Սիսը իրենց մայրիկին կորցրած որբերի են նման։ Նրանք ձեռք ձեռքի տված կանգնել են՝ հայացքներն հառած մայր հայաստանին։ Նրանք շատ մոտ են իրենց մայրիկին, բայց նաև շատ հեռու․․․Ես համոզված եմ, որ Մասիսի հավերժական ձյունը կհալչի այն ժամանակ, երբ միանա իր մայրիկին, փարվի նրան և ջերմությունից կհալչի սառած ձյունը։ Եվ ես դրա համար ամեն ինչ կանեմ, երբ մեծանամ։ Ես Սասունցի Դավթի ուժը կունենամ և Մասիս սարը, կտոր-կտոր կպոկեմ և կբերեմ հայաստան>>։ Նարեկն այնքան սիրեց իր հայրենիքը, որ նրան նվիրեց ամենաթանկը՝ կյանքը, հերոսացավ, խառնվեց հայրենի հողին և դարձավ նրա մի մասնիկը․․․ Սիրահարված էր կյանքին, կյանքը սիրում էր իր բոլոր գույներով։ Ապրած 19 գարունների ընթացքում հասցրեց ավելին,քան շատերը՝ տասնամյակներում։Ուներ բարձր ինտելեկտ,մաթեմատիկական մտածողություն,ճշգրիտ տրամաբանությամբ կարողանում էր շփվել հավասարը հավասարի հետ։ Բարձր առաջադիմությամբ էր սովորում դպրոցում։ Շատ հետաքրաքրասեր, տաղանդաշատ ու խելացի էր Նարեկը,ձգտում էր սովորել ավելին, ինքնակրթվում ու զարգանում էր։ Դպրոցին զուգահեռ մասնակցել է հայկական վիքիի խմբագրական գործընթացին՝ որպես կամավորական, հեղինակ է շուրջ 500 հետաքրքիր հոդվածների։ Բարձր առաջադիմությամբ ավարտելուց հետո 2016 թ. ընդունվել է Մ. Քաջանու անվ 54 ավագ դպրոցը։ Ծրագրավորման հանդեպ մեծ հետաքրքրությունն ու սովորելու ձգտումը Նարեկին դարձրին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիայի կենտրոնի ուսանող, որտեղ Նարեկը սովորեց ծրագրավորման բաժնում ու հասցրեց տիրապետել «Web, Java, Javascript» ծրագրերին։ ԹՈՒՄՈ-ում ակտիվ ուսանող լինելով հետաքրքրվել է նաև «Մեդիա ոլորտով» և «Ստեղծագրություն» բաժնով, որտեղ էլ ծնվել է իր հեղինակած մանկապատանեկան պատմվածքը, որը անվանել է «Գոբլինը և իր ընկերները»։ 2019 թվականին, դպրոցն ավարտելուն պես ընդունվել է Երևանի պետական համալսարանի՝ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը։ Հետագայում ուսումը ցանկանում էր շարունակել Գերմանիայի Համբուրգի համալսարանում։
2019թ․ հուլիսի 1-ին զորակոչվել է բանակ։ Ծառայել է Գյումրու հակատանկային ուսումնական զորամասում։ Այնուհետև տեղափոխվել է Արցախի Հանրապետության Հադրութի զորամաս։
2020 թ. սեպտեմբերի 27-ից եղել է պատերազմի ամենաթեժ կետերում՝ Հադրութի, Վարանդայի(Ֆիզուլի) առաջնագծում։ Տիրապետել է «Կորդ», «СПГ» զինատեսակներին և ճշտգրիտ հաշվարկների շնորհիվ կարողացել է կատարել իր առջև դրված մարտական բարդ խնդիրներ։ Հոկտեմբերի 13-ին ծանր վիրավորում է ստացել թշնամու ԱԹՍ հարվածից և հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին անմահացել։ Մեջբերում ենք նաև նրա հերոսական խոսքերը «Եթե կորցնես հայրենիքդ, էլ ոչինչ չես ունենա կորցնելու» Նարեկը եռաբլուրում է։ Հետմահու պարգևատրվել է «Արիության և խիզախության » մեդալով: Նրա հիշատակին հուշաղբյուր է բացվել Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս 39 հասցեում, իսկ Րաֆֆու անվ թ 36 հիմնական դպրոցը՝ Ռազմագիտության կաբինետը անվանակոչել է հերոս Նարեկի անունով։ Նրա անունով լսարան է բացվելու նաև Մ. Քաջունու անվ թիվ 54 ավագ դպրոցում։
«Մամ, դու իմ արևն ես: Բայց ես ունեմ ավելի մեծ արև: Առանց դրա 3 միլիոն կյանք կմթնի, առանց դրա 10 միլիոն կյանք կզրկվի ջերմությունից...Ու հիմա ես գնում եմ պաշտպանելու այդ արևը... Մաամ, չտխրես... Դու կկորցնես ինձ, բայց ձեռք կբերես 3 միլիոն զավակ, որովհետև 3 միլիոն հայերի սրտերի մի անկյունում ապրում եմ ես, մամ... Կներես ինձ, իմ մա...»,-այս բովանդակությամբ նամակը գրել է անմահ Նարեկը։