Կողմ եմ, բայց մինչ բարեվարքությանը անդրադառնալը կան շատ ավելի կարեւոր խնդիրներ դատական համակարգում. Հայտնի փաստաբանը բարեվարքության համակարգի ներդրման մասին
ՀՀ կառավարությունը հուլիսի 21-ի նիստում հաստատեց դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը: ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ այսօր ստուգվում է միայն նոր համակարգ մտնող դատավորների բարեվարքությունը, սակայն առաջիկա ամիսներին կարվի այնպես, որ ստուգվի բոլոր գործող դատավորների բարեվարքությունը:
Որքանո՞վ վերը նշված գործառույթը կարող է օբյեկտիվ իրականացվել հարցի պատասխանը փորձել ենք ստանալ աղմակահարույց գործերով հայտնի փաստաբան, «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով նախ նկատեց,
-Նախ բացմիցս եմ արձանագրել, որ դատավորի աշխատանքը պետք է ոչ թե պաշտոն, այլ հոգեվիճակ լինի: Մի կողմ թողենք, որ ՀՀ-ում դատական համակարգը որոշ աղմկահարույց գործերով Գործադիր կոշիկի տակ է, բայց մյուս հարթության վրա կատարվում է բացառապես մեխանիկական աշխատանք: Այն դեպքում, երբ հիմնական օրենք` Սահմանադրությամբ, իրավունքը ավելի գերակա է, քան օրենքը: Տվյալ դեպքում իրավակիրառ պրակտիկայում բացառապես կատարվում է մեխանիկական աշխատանք եւ դա խնդիր է:
Ինչ վերաբերում է բարեվարքության խնդիրների հետ կապված, տեղեկացնեմ, որ միանշանակ պետք է դատավորի կենսագրությունը լինի բավականին թափանցիկ: Բայց մինչ այդ ես կարծում եմ, որ մենք ունենք ավելի կարեւոր խնդիրներ` առաջինը դատավորների զբաղվածությունը: Չեք հանդիպի մի դատախազի կամ իրավապաշտպանի, ով չբարձրաձայնի, որ օբյեյետիվ պատճառներով գործերը ձգվում են տարիներ շարունակ, ընդ որում դա վերաբերում է ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական գործերին: Քաղաքացիական գործ ունենք, որ արդեն 7-8 տարի ձգվում է` հաշվի առնելով եռաստիճան դատական համակարգը: Եվ նման պայմաններում թիվ մեկ խնդիրը լիազոր մարմինների կողմից պետք է լինի դատարանները հնարավորինս բեռնաթափել:
Ամփոփելով խոսքս եւ գալով Ձեր հարցին, պետք է փաստեմ, որ միանշանակ կողմ եմ, բայց կարծում եմ, որ մինչ բարեվարքությանը անդրադառնալը կան շատ ավելի կարեւոր առաջնային խնդիրներ դատական համակարգում:
Թե որքանո՞վ գործընթացը կարող է օբյեկտիվ ընթանալ հայտնի փաստաբանը նկատում է.
-Այստեղ կարեևորն այն է, թե քաղաքական իշխանությունը ինչ կերպ է կարեւորում այդ խնդիրը, դա ավելի շատ կախված է քաղաքական իշխանության կամքից: