Նախարարի հայտարարությունը իրավաչափ չէ․Հայտնի փաստաբանը Քերոբյանի՝ «Սուրմալուի» պայթյունից տուժած տնտեսվարողներին փոխհատուցում չտրամադրելու մասին
Կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալուի» պայթյունից տուժած տնտեսվարողներին, այսօր կառավարության նիստից հետո « ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Տնտեսվարողները փոխհատուցում կստանային, եթե նրանց գույքն ապահովագրված լիներ, նկատեց նախարարը՝ շեշտելով՝ կառավարությունը չի կարող ապահովագրական ընկերության ֆունկցիա իր վրա վերցնել։
«Եթե այդ միջավայրում աշխատած տնտեսվարողներն ապահովագրած լինեին իրենց գույքը, իսկ այդ ծառայությունը հասանելի է և ինչ-որ մեկն արել է, գրագետ բիզնեսները դա անում են՝ ապահովագրել են իրենց տարածքը, գույքը հրդեհից և այլն, բնականաբար, այս դեպքը հատուցելի կլիներ։ Կառավարությունը չի կարող իր վրա ֆունկցիա վերցնել փոխհատուցել այն ծախսը, որը պետք է աներ ապահովագրական ընկերությունը, և եթե գործարարը չի համարել էդ ռիսկը մեծ, ապա կառավարությունն այստեղ անելիք չունի», - ասաց նախարարը։
Որքանո՞վ է իրավաչափ նախարարի ներկայացրած պատճառաբանությունը հարցի պատասխանը փորձել ենք ստանալ ինչպես քրեական, այնպես քաղաքացիական աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան, Լեվ Գրուպ փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով միանշանակ նախ արձանագրեց․
-ՀՀ Սահմանադրությամբ արձանագրված է երկու կարեւոր սահմանադրական իրավանորմ։ Առաջինը, որ ՀՀ-ն սոցիալական պետություն է եւ երկրորդը, որ ՀՀ-ն երաշխավորում է Հայաստանի քաղաքացու գույքի անվտանգությունը։ Տվյալ պարագայում ես կարծում եմ, որ նախարարի հայտարարությունը իրավաչափ չէ, քանի որ անձը, քաղաքացին, երբ «Սուրմալույում» իր բիզնեսն էր դնում՝ գիտակցել է, որ իր բիզնեսը պաշտպանված է լինելու այլ միջամտություններից, այդ թվում նաեւ, որ տվյալ դեպքում պայթյունի հետեւանքով առաջացած վնասի փոխհատուցումը պետք է կրի ՀՀ-ն։ Ցավում եմ, որ նման դեպքերում Կառավարության մակարդակով արվում են նման՝ ժխտական, բացասական հայտարարություններ։ Այն դեպքում, երբ տվյալ տուժած անձը (-անձիք) ՀՀ քաղաքացի է, եւ չի բացառվում, որ տվյալ բիզնեսում ներդրումներում է արել բանկային միջոցներով։ Եվ նման իրավիճակում քաղաքացուն կամ իրավաբանական անձին թողնել բախտի քմահաճույքին՝ իրավաչափ չէ։
Հայտնի փաստաբանը ընդգծում է․
-Ես լիահույս եմ, որ ՀՀ կառավարության մակարդակով կվերանայնվի այդ որոշումը։ Միառժամանակ պետք է արձանագրեմ, որ քանի որ հարուցված է քր․ գործ, ապա տվյալ գործի շրջանակներում պետք է հաշվարկվեն անձանց վնասները, իսկ քննությունից հետո, երբ ի հայտ կգան մեղավորները, ապա ՀՀ Կառավարությունն էլ կաշկանդված չի լինի ինչպես քր․ պատասխանատվության ենթարկելու մեղավորներին, այնպես էլ տույժ-տուգանքով փորձի հետ վերադարձնել տրված փոխհատուցում բյուջե՝ այդ պայթյունի մեղավոր անձանցից։
Ամփոփելով խոսքը պարոն Բաղդասարյանը Կառավարության ուշադրությունն է հրավիրում հետեւյալին․
-ՀՀ Կառավարությունը պետք է ամեն բան անի, որ նման դեպքերում ՀՀ քաղաքացին վստահ լինի, որ իր մեջքին կանգնած է հայրենի Կառավարությունը։
Հիշեցնենք․ Առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից 16 մարդ է զոհվել, այդ թվում՝ 5 տարեկան երեխա և հղի կին, ավելի քան վեց տասնյակ մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, մեկ մարդ համարվում է անհետ կորած։ Պայթյունի 10-րդ օրը որոնողականա աշխատանքները դադարեցվեցին, անհետ կորած համարվող Վանիկ Ամիրխանյանի դին այդպես էլ չհայտնաբերվեց
