Քաշաթաղի դպրոցների և մանկապարտեզների լուծարումից հետո մոտ 280 մամկավարժ ըստ էության մնալու է առանց աշխատանքի.ԱՀԱԶԱՆԳ
«Իրավունքի» խմբագրություն են դիմել նաեւ Քաշաթաղից տեղահանված մանկավարժներ, ովքեր կանգնել են լուրջ խնդիրների առաջ, ի՞նչ խնդիրների մասին է խոսքը «Իրավունքը» դիմել էր ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի Քաշաթաղի շրջանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բաժնի վարիչ Վարդուշիկ Մովսիսյանից, ով փաստեց, որ կան ոչ թե խնդիր, այլ խնդիրներ.
-Տեղահանման օրվանից սկսած հետևողական աշխատանքներ են տարվում Քաշաթաղի շրջանի հանրակրթական դպրոցներից տեղահանված աշակերտներին ՀՀ ուսհաստատություններում ընդգրկելու ուղղությամբ
Սկզբնական շրջանում խնդիրներ են առաջացել որոշ դպրոցներում լիցենզավորված տեղերի լրացած լինելու պատճառով։
Դիմել եմ ԱՀ ԿԳՄՍ նախարարին ՀՀ ԿԳՄՍ նախարարություն համապատասխան միջնորդություն ներկայացնելու խնդրանքով։
Հարցը ըստ էության լուծում է ստացել 2021թ հունվար-փետրվար ամիսներին։
Ուշադրության կենտրոնում են պահվում նաև ուսումնական պրոցեսից դուրս մնացած աշակերտները։
Աշխատանքներ են տարվում նրանց հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդգրկելու ուղղությամբ։
ԱՀ-ում պարտադիր է համարվում հիմնական կրթությունը, իսկ ՀՀ-ում՝ միջնակարգ կրթությունը։
ՀՀ տեղափոխված,
հիմնական դպրոցն ավարտած սովորողները ոչ միշտ են ցանկանում ուսումը շարունակել ավագ դպրոցում կամ այլ ուսումնական հաստատությունում։ Քաշաթաղի շրջանից տեղահանված մանկավարժներին ՀՀ ուսումնական հաստատություններում աշխատանքով ապահովելու խնդիրը մինչ օրս մնում է գրեթե անլուծելի։
Բանն այն է, որ պատերազմի հետևանքով հիմնական աշխատատեղը կորցրած մանկավարժներին համապատասխան աշխատանքով ապահովելու համար իմ ջանքերը ոչ միշտ են նպատակին հասնում։
Գրավոր դիմել եմ ԱՀ ԿԳՄՍ նախարարություն՝ ուսուցչի թափուր աշխատատեղի համալրման համար մրցույթի կարգում համապատասխան փոփոխություն կատարելու և տեղահանված ուսուցիչներին արտամրցութային կարգով աշխատանքի ընդունելու համար, որը համեմատաբար կմեղմի ստեղծված վիճակը, սակայն մինչ օրս պատասխան չեմ ստացել։ Մինչև ս/թ դեկտեմբերի 30ը հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցները հարկադիր պարապուրդի դիմաց 50% փոխհատուցում են ստանալու։ Դպրոցների և մանկապարտեզների լուծարումից հետո մոտ 280 մամկավարժ ըստ էության մնալու է առանց աշխատանքի, պատերազմի հետևանքով և ոչ իրենց ցանկությամբ՝ զրկվելով հիմնական աշխատատեղից։
Խնդիրը բավականին լուրջ հետևանքներ կարող է ունենալ և ես կարծում եմ, որ անհրաժեշտ է համապատասխան միջոցներ ձեռնարկել շատ դեպքերում նույնիսկ երկու անգամ՝ 1990ական թթ Արցախ տեղափոխվելու և 2020թ Արցախից տեղահանվել ու հետևանքով, հիմնական աշխատատեղ կորցրած մանկավարժներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ։
