Ինտեգրացիա, նշանակում է ընտրել նույն այն ճանապարհը, ինչ ճանապարհ անցել է երբեմնի հայկական Նախիջևանը․ ԱՀ գնդապետը Լաչինի միջանցքի եւ հնարավոր զարգացումների մասին
Օրերս ռուսական միջնորդությամբ տեղի ունեցած Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչների հանդիպումից ի՛նչ սպասելիքներ ունեն Արցախում։ Ե՞րբ և ի՞նչ պայմաններով է լինելու Լաչինի միջանցքի ապաշրջափակումը հարցերի պատասխանը փորձել ենք ստանալ ԱՀ գնդապետ Սենոր Հասրաթյանից, ով նկատեց․
-Պայմանների մասին կարելի կլինի խոսել, եթե կողմերը, տվյալ դեպքում՝ Ստեփանակերտն ու Բաքուն բանակցեին որպես հավասար սուբյեկտներ, այլ ոչ թե այն ձևաչափով, ինչպես փորձում է ներկայացնել վերջինս: Դժբախտաբար այսօր կողմերը հեռու են իրար հասկանալու իրականությունից և դա որևէ լավատեսություն չի ներշնչում:
-Բացառո՞ւմ եք տարբերակ, որ Լաչինի միջանցքը բացվի ադրբեջանական անցակետերի տեղադրմամբ, ինչի մասին անընդհատ խոսում են ադրբեջանցիները:
-Դա արդեն կլիներ ոչ թե միջանցք կամ, ինչպես արցախցիներս ենք պատկերավոր անվանում՝ <<կյանքի ճանապարհ>>, այլ հայկական երկրորդ հանրապետության ապագան կողպեքի տակ դնող հրեշավոր ծրագիր: Ես ասել ու շարունակելու եմ կրկնել՝ ցանկացած փոքր զիջման հաջորդելու է ադրբեջանական ավելի մեծ պահանջ, և դա մենք արդեն տեսնում ենք...
-Պարոն Հասրաթյան, Բաքուն պնդում է, որ այդ երկխոսության օրակարգում պետք է լինի Ղարաբաղի հայերի ինտեգրացիայի հարցը, որքանո՞վ եք հավանական համարում այս սցենարի կյանքի կոչվելը, հաշվի առնելով ներկա իշխանությունների վարած ադրբեջանահաճո քաղաքականությունը:
-Ինտեգրացիա, նշանակում է հրաժարվել այն ամենից, ինչ Արցախում ստեղծվել է վերջին 35 տարիների ընթացքում: Ասել է թե՝ հրաժարվել սեփական ինքնությունից և ընտրել նույն այն ճանապարհը, ինչ ճանապարհ անցել է, ասենք, երբեմնի հայկական Նախիջևանը: Այստեղից հետևում է, որ մենք պետք է մշակենք և կյանքի կոչենք մեր օրակարգը, այլ ոչ թե քայլ առ քայլ զիջելով, կատարենք ինչպես արտաքին, այնպես էլ ներքին թշնամու հակայակական ցանկությունները...
Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ