Աշխարհիկ բնույթի իշխանությունը լինում է նաև Աստծո թույլտվությամբ՝ եղած ու տարածված մեղքերին որպես պատիժ․ Ադամ քահանա Մակարյան
Հոգևոր իշխանության (Մատթ. 10.1, 21.23-24) խնամածության և ուշադրության տակ է աշխարհիկ իշխանությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ադամ քահանա Մակարյանը․
«Աշխարհիկ բնույթի իշխանությունը լինում է Աստծո կամքով, որի նշանն են երկրում բարիքներն ու ծաղկումը, և այդ իշխանությունը լինում է նաև Աստծո թույլտվությամբ՝ եղած ու տարածված մեղքերին որպես պատիժ։ Առաքյալները քրիստոնյաներին հորդորում են հնազանդ լինել իշխանություններին, այսինքն՝ արդարության ու կարգուկանոնի իրագործմանը, ինչպես և բացատրում են (Հռոմ. 13.1-3, Ա Պետր. 2.14-15)։
Այլապես թշնամին էլ կարող է մի երկիր գրավել և Պողոս առաքյալին վկայակոչել ու ասել՝ հիմա էլ մեզ հնազանդվեք։ Մինչդեռ կամայականություն ցուցաբերող իշխանությունների հնազանդության կոչին առաքյալները խիստ պատասխան են տալիս՝ ասելով. «Պետք է առավել Աստծուն հնազանդվել, քան մարդկանց» (Գործք 5.29): Եղիա մարգարեն խստորեն հանդիմանում և պախարակում է Աքաաբ թագավորին և Հեզաբել թագուհուն՝ հաստատելով, որ նրանց մեղքերի և պղծությունների պատճառով են երկիրն ու ժողովուրդը սոսկալի արհավիրքների ենթարկվում (Գ Թագ. 18.1-18)։
Հովհաննես Մկրտիչը դատապարտում է Հերովդեսին մեղքերի համար (Մատթ. 14.3-4): Նաև Քրիստոս հանդիմանում է իշխանավոր Հերովդեսին՝ ասելով. «Գնացեք, ասացեք այն աղվես Հերովդեսին» (Ղուկ. 13.32)։ Եվ մենք էլ երկրի վնասի, կատարվող սխալների ու ավերների համար ցավով ենք տարբեր հանգամանքների մարդկանց խրատում ու հանդիմանում մարգարեների, առաքյալների և մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրինակով։
Հիշեցնենք, նախօրեին ԱԺ արտահերթ նիստում՝ իր ելույթի ժամանակ անդրադառնալով եկեղեցու հետ հարաբերություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.
«Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերություները լավ չեն Աստծո հետ և դա համաձայն քրիստոնեական տեսության»։