Պարոն Վարչապետ, խնդրում եմ Ձեր միջամտությունը՝ այն է հանձնարարել Ձեր կողմից վստահելի կառույցի կատարել համապատասխան միջոցառումներ Պարզելու, արդյոք մեզանից առգրավված և ապօրինի պահվող գույքերը առկա են քննիչի մոտ, թե ոչ
Բաց նամակ ՀՀ Վարչապետին
ՀՀ Վարչապետ
Պարոն Նիկոլ Փաշինյանին
Հանրային Ձայն կուսակցության Նախագահի պաշտոնակատար
Վահան Ավագյանից
Դիմում
Պարոն Վարչապետ,
Տեղեկացնում եմ Ձեզ, որ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կողմից արդեն երկու տարուց ավելի փաստացի կասեցված է «Հանրային Ձայն» կուսակցության գործունեությունը։
Դեռևս 2023 թ. ապրիլի 17-ից առգրավվել են կուսակցության ամբողջ փաստաթղթերը, համակարգիչները, մեդիաստուդիայի ողջ տեխնիկան, քրեական գործով որևիցե կարգավիճակ չունեցող անձանց պատկանող ավտոմեքենաները, 25.000 դոլարին համարժեք գումար, ոսկեղեն, կոնյակներ և այլն։ Կուսակցության գրասենյակը, մեդիաստուդիան և վարույթի հետ կապ չունեցող անձանց բնակարանները կապարակնքված են։
Առգրավված իրերից և ոչ մեկը իրեղեն ապացույց չի ճանաչվել և գործի հետ միասին դատարան չի ուղարկվել։
Մեր միջնորդությունը՝ գույքերի վերադարձի վերաբերյալ, սկզբում քննիչը հետաձգեց։ Երևանի քաղաքի դատախազությունը մեր բողոքը մասնակի բավարարեց և հստակ դիրքորոշում հայտնեց, որ երկու տարին բավարար ժամանակ է, որպեսզի քննիչը որոշի՝ արդյոք գույքերը վարույթի համար նշանակություն ունեն, թե ոչ։
Սակայն քննիչը, դեմ գնալով դատախազության որոշմանը, կրկին մերժեց կուսակցության գույքի վերադարձը, ինչպես նաև մերժեց կուսակցության գրասենյակի, մեդիասրահի և վարույթի հետ առնչություն չունեցող անձանց բնակարանների վրայից կնիքները հանելը։
Այն, որ որևէ քննիչ իրավունք չունի կուսակցության գրասենյակ կամ բնակարան կապարակնքելու, դեռ հարցի մի կողմն է։
Ինչո՞ւ որոշեցի դիմել Ձեզ։
Այսօր համացանցում լուրեր տարածվեցին, որ Քննչական կոմիտեից գողացել են իրեղեն ապացույց ճանաչված 590.000 դոլարը։ Նախ՝ մեզ համար անհասկանալի է, թե 590.000 դոլարը ինչ գործ ուներ քննիչի չհրկիզվող պահարանում, եթե օրենքը պարտադրում է, որ առգրավված գումարը պետք է պահվի բանկում։
Սա ի դեպ պաշտոնեական հանցագործություն է։
Արդեն իսկ այդ գործով կան ձերբակալված պաշտոնյաներ, ինչը մտահոգիչ է։
Հավելեմ նաև, որ ունեմ տեղեկություններ մեկ այլ գործով կրկին Քննչական կոմիտեից անհետացած իրեղեն ապացույցների մասին, որոնք դատարան չեն ներկայացվել։
Պարոն Վարչապետ, 590.000 դոլարը իրեղեն ապացույց է եղել և գողացվել է, իսկ մեր գույքերը և գումարները նույնիսկ իրեղեն ապացույց չեն ճանաչվել։ Այն համառությունը, որ քննիչը ցուցաբերում է դրանք չվերադարձնելու հարցում, այսօրվա դեպքի լույսի ներքո մեզ մոտ մտավախություն է առաջացնում մեզանից առգրավված գույքերի և գումարների ճակատագրի հետ կապված։ Միգուցե այդ նույն գողերը Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչություն նույնպես մտնեն և գողանան մեր գույքերն ու գումարները, կամ արդեն իսկ գողացել են։ Սա, իհարկե, կասկածի մակարդակով է։
Պարոն Վարչապետ, խնդրում եմ Ձեր միջամտությունը՝ այն է հանձնարարել Ձեր կողմից վստահելի կառույցի կատարել համապատասխան միջոցառումներ
• Պարզելու, արդյոք մեզանից առգրավված և ապօրինի պահվող գույքերը առկա են քննիչի մոտ, թե ոչ։
• Պարզելու, թե ինչու գումարային միջոցները չեն պահվում բանկում (ինչը օրենքի պահանջ է), այլ քննիչի սեյֆում, որտեղից դրանք կարող են գողացվել։
• Պարզելու, թե որ իրավական նորմերով են առաջնորդվել քննիչները, երբ արդեն երկու տարի է՝ փաստացի կասեցրել են քաղաքական կուսակցության գործունեությունը՝ ապօրինի կերպով անձանց զրկելով իրենց գույքի տնօրինման և տիրապետման իրավունքից, այդ թվում՝ վարույթով չներգրավված անձանց։
ՀՀ գլխավոր դատախազություն
Anna Hakobyan
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
Tigran Avinyan / Տիգրան Ավինյան
ՀՀ Քննչական կոմիտե
Ani Khachatryan
Armen Galjyan / Արմեն Գալջյան
Арам Торосян
Манук Сукиасян
