«Պարո'ն Հայրապետյան, ինտերնետը չի՞ կախի. Էդ մենք պետք է ասենք՝ «հույս ունեմ՝ ոչ», դուք պիտի ասեիք՝ «ոչ». Փաշինյան
Հարկային գործակալն է աշխատավարձից իրականացնելու առողջության համընդհանուր ապահովագրության համար պահումները։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25–ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ «Արմեդ» հավելվածի միջոցով քաղաքացիները կարող են տեղեկանալ, թե արդյոք իրենք այս համակարգի շահառու են, թե ոչ, ինչքան է ապահովագրավճար վճարելու, ակտիվացման ամսաթիվը, փաթեթի մեջ ներառված ծառայությունները, բժշկական կենտրոնները և այլն։
«Հարկային գործակալն իրականացնելու է աշխատավարձից պահումը, ինչպես հիմա անում էր «Զինապահ» հիմնադրամին վճարվելիք գումարները և ուղղելու է արդեն առողջության ապահովագրությանը։ Մի դեպք ունենք, որ սոցփաթեթի շահառուների պարագայում նրանց այդ 6000 դրամը, որ նրանք ունեն, մեկ անգամ պետք է դիմում գրեն, դիմումի ձևը այսօր կհրապարակվի, որ գործատուն այդ միջոցները ևս ուղղի առողջության ապահովագրությանը։
Կան մարդիկ, որ գուցե հավելված ներբեռնելու, կայք մտնելու դժվարություններ ունենա, այս պարագայում էլ իրենց կցագրված ընտանեկան բժիշկի միջոցով այս ինֆորմացիան ևս կարող են ստանալ։ Մենք նաև 65+ տարիքի քաղաքացիների համար SMS տարբերակով էլ տեղեկացնելու ենք այս երկու օրը»,–ասաց նա։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ ինքն արդեն «Արմեդ» համելվածով ստացել է ծանուցումը։
Փաշինյանը ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանից հետաքրքրվեց, թե արդյոք ինտերնետ համակարգը պատրաստ է այդքան ներբեռնումների համար. «Հո ինտերնետը չի՞ կախի հանրապետության»,–հարցրեց նա։
Հայրապետյանը պատասխանեց. «Հույս ունեմ՝ ոչ», ինչին ծիծաղելով արձագանքեց վարչապետը. «Հույսը մենք ունենք, դուք պիտի ասեիք՝ ոչ»։
Վարչապետը անդրադարձավ նաև մեկ այլ խնդրի. Նա կոչ արեց բոլորին գրանցվել «Արմեդ» համակարգում և պարզաբանեց, թե ինչու է դա կարևոր. «Արմեդ հավելվածի մեջ մեր անունով և մեզ համար ամեն ծառայություն ֆիքսվելու է։ Ես տեսնելու եմ, թե ով ինչ վճարում է արել ներառյալ պետական բյուջեի վճարումներից։
Ցավոք սրտի, նախորդող շրջանում մենք բախվել ենք իրավիճակների, քրեական գործեր են հարուցվել, մարդիկ են դատապարտվել, երբ արձանագրել ենք, որ ծառայություններ են գրանցվել, որոնք իրականում չեն մատուցվել։ Եթե մարդու անունը մի տեղ գրել են և նշել, թե իբր նա ծառայություն է ստացել և դրա դիմաց պետբյուջեից փող է դուրս գրվել, մարդը կտեսնի դա հավելվածում ու կասի՝ մի րոպե ես էս ծառայությունը չեմ ստացել, իմ անունով գումար ա դուրս գրվել»։
