Տեղի կունենան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակին նվիրված հանդիսավոր հոբելյանական միջոցառումներ
2013թ. հոկտեմբերի 15-16-ին տեղի կունենան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակին նվիրված հանդիսավոր հոբելյանական միջոցառումներ: Միջոցառումներին կմասնակցեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Եվրոպական միության, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ռումինիայի, Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիաների պատվիրակությունները: ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից տեղեկացնում են, որ հյուրերին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Պատվիրակությունները հանդիպում կունենան ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի հետ, կմասնակցեն ԳԱԱ հոբելյանական ցուցահանդեսի բացմանը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետական պարգևներ կհանձնի ՀՀ ԳԱԱ աշխատակիցներին: Նախատեսվում է նաև ԳԱԱ աշխատակիցների պարգևատրումը կառավարության, Ազգային ժողովի, կրթության և գիտության ու պաշտպանության նախարարությունների կողմից: Ալ. Սպենդիարովի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հանդիսավոր նիստ` նվիրված ԳԱԱ 70-ամյակին: Հյուրերը կայցելեն ՀՀ ԳԱԱ ինստիտուտներ, որից հետո կլոր սեղանի շուրջ կքննարկեն ՀՀ ԳԱԱ-ի և արտերկրի ակադեմիաների և գիտական կենտրոնների միջև հնարավոր համագործակցությունը: