6-րդ գլխավոր վարչությունը հասակակից հայի և իրանցու մոտ հայտնաբերել է 1.5 կգ-ից ավելի թմրամիջոց
Նոյեմբերի 4-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և նույն վարչության անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ոստիկանության էրեբունու բաժին են բերման ենթարկել հասակակիցներ, 45-ամյա Գյումրի քաղաքի բնակիչ Արսեն Հակոբյանին և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մուհամադ Ասադիին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընթերականների ներկայությամբ խուզարկությամբ իրանցու մոտ հայտնաբերվել է 20 հատ դեղահաբ, ինչպես նաև մոտ 1 կգ շագանակագույն զանգված:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ հայտնաբերվածը մեթադոն և ափիոն տեսակի թմրամիջոցներ են:
Ա. Հակյոբյանի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ կես կգ սև գույնի մածուցիկ զանգվածով պոլիմերային տարա, որի մեջ եղել է ափիոն տեսակի թփմրամիջոց:
Նշվածը առգրավվել և ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, որտեղ դատանյութաբանական փորձաքննությամբ պարզվել է, որ դրանք թմրամիջոցներ են:
Փաստի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտե, իսկ Մ.Ասադին ու Ա. Հակոբյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել են:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 6-ին, խուզարկություն է կատարվել նաև Մ. Ասադիի բնակարանում, որտեղ հայտնաբեվել է մեծ քանակի թմրամիջոց և հոգեմետ դեղահաբեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: