ԱՄՆ-ի Հարավային Դակոտա նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Հարավային Դակոտան դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 43-րդ նահանգը:
Հարավային Դակոտայի ներկայացուցիչների պալատը այսօր 51 կողմ, 17 դեմ ձայների հարաբերակցությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձև է ընդունել՝ դառնալով Ցեղասպանության համար արդարություն պահանջող 43-րդ նահանգը:
Բանաձևով դատապարտվում է Ցեղասպանության ժխտումը և խրախուսում դպրոցներում Հայոց ցեղասպանության մասին ուսուցումը: Այն քննարկում է նաև հույների ու ասորիների ցեղասպանությունը:
Հայտարարության մեջ ասվում է, որ Հարավային Դակոտայում 2015թ-ը նշելով որպես Հայոց ցեղասպանության հիշատակման տարի՝ կոչ է արվում ԱՄՆ կոնգրեսին և նախագահ Բարակ Օբամային պաշտոնապես ճանաչել և վերահաստատել պատմական ճշմարտությունը, այն, որ հայերի, հույների և այլ քրիստոնյաների նկատմամբ իրենց պատմական տարածքներում կատարված վայրագությունները եղել են ցեղասպանություն և աշխատել հայ-թուրքական կայուն, ամուր հարաբերությունների ստեղծման ուղղությամբ:
