ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՏԵՂ Է ՀԱՍՑՎՈՒՄ
Մի շարք կազմակերպությունների և անհատների կողմից պարբերաբար մարդասիրական օգնություն է ուղարկվում շրջափակման մեջ գտնվող արցախցիների համար, որը հավաքագրվում է Գորիս քաղաքում և հնարավորության դեպքում Արցախ հասցվում ռուս խաղաղապահների միջնորդությամբ, տեղեկացնում է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։
«Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից այն տեսակավորվում և տրամադրվում է սոցիալական որոշ խմբերի ներկայացուցիչների (4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներ, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող անձինք, պատերազմի մասնակիցներ) և նախարարություն դիմած սոցիալապես անապահով ընտանիքներին:
Մարդասիրական օգնությունն առաջիկայում կբաժանվի սոցիալական այլ խմբերի ևս»,- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։