«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների մեծ մասը մեծ ռիսկ ունեն մահանալու». նախարար
«Ժամը 3-ի դրությամբ հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների թիվը, որոնց մի մասն սպասում է տանը, մյուս մասը՝ այլ բուժհաստատություններում, 231 է. նրանցից 89-ը սպասում է տանը, իսկ մնացածը՝ այլ ԲԿ-ներում, այդ 89-ից մեկի վիճակը եղել է միջինից դեպի ծանր, 36-ինը՝ միջին ծանրության և 52-ինը՝ թեթև: Ուզում եմ ուշադրություն հրավիրել այս թվի վրա, քանի որ անցած շաբաթվա վերջերին բավական իջել էր և մենք ունեին 50-60 հոգի»,- այսօր «Ազատության» ֆեյսբուքյան եթերում ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ այս թվերը միշտ էլ լինելու են: «Այն չի կարող լինել 0, որովհետև այդ գործընթացը շարունակական է... Չնայած որ, մենք ունենք մահճակալային ֆոնդի աճ, միևնույն է, շարունակում է լարված մնալ իրավիճակը»,- տեղեկացրել է նա:
Նախարարի խոսքով՝ այս համատեքստում, ամենակարևոր թվերը ծանր և ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացիներն են: «Ունենք գումարային մոտ 600 հոգի՝ 400-ը ծանր, 116-ը՝ ծայրահեղ ծանր, որոնցից 35-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին: Ցավոք սրտի, ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների մեծ մասը մեծ ռիսկ ունեն մահանալու և բժիշկներն ամեն ինչ անում, որ դա թույլ չտան»,- հայտնել է նախարարը: