Ցուգիո Մակիմոտոն դասախոսություն է կարդացել ՎիվաՍել-ՄՏՍ-ում
Hitachi Electronic Devices Group-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն եւ Hitachi-ի գլխավոր գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն այսօր այցելել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ, որտեղ կայացած մամլո ասուլիսից հետո, ՏՏ ոլորտի գործարար ներկայացուցիչների առջեւ հանդես էր եկել «Կիսահաղորդիչների ոլորտի նորարարությունների ազդեցությունը մեր հասարակությունների վրա» դասախոսությամբ:
Ինչպես տեղեկացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը, Ցուգիո Մակիմոտոն Հայաստան է այցելել՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի՝ 2013-ին իրեն շնորհված հեղինակավոր մրցանակը (Համաշխարհային ՏՏ մրցանակ 2013) ստանալու: Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա ՀՀ նախագահի նստավայրում՝ ս.թ. նոյեմբերի 15-ին:
Ցուգիո Մակիմոտոն թվով չորրորդ մրցանակակիրն է: Առաջին մրցանակը 2010թ. ստացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը: «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի երկրորդ արժանացողն է: Սինապտիկս ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը երրորդ մրցանակակիրն է:
Ինչպես եւ նախկինում, 2013-ին եւս, մրցանակի ֆինանսավորումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով ստանձնել է Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը՝ տրամադրելով 22 միլիոն դրամ:
