Գարո Փայլանը Թուրքիայի մեջլիսում հայերենով շնորհավորել է Փաշինյանին (տեսանյութ)
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին և դրա արդյունքներին, հաղորդում է Ermenihaber-ը:
Փայլանը, դիմելով Թուրքիայի մեջլիսի նախագահին, ելույթում մասնավորապես նշել է.
«Հարգարժան նախագահ, անցյալ շաբաթ մեր հարևան Հայաստանում խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան։ Ապրիլ ամսին Թավշյա հեղափոխության արդյունքում վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը և իր ընկերներն այս ընտրություններում քվեների 70%-ը ստանալով մեծ հաջողություն գրանցեցին։ Այս առիթով Թուրքիայի մեջլիսից շնորհավորում եմ ամբողջ հայ ժողովրդին, Նիկոլ Փաշինյանին և իր ընկերներին։ Ընտրություններից անմիջապես հետո հարգարժան պարոն Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ ստեղծել և հուսով են, որ Թուրքիան էլ է պատրաստ։
Այստեղից ուզում եմ կոչ անել մեջլիսին և Թուրքիայի Հանրապետության նախագահին, որ այս հայտարարությանը կառուցողական պատասխան տան։ Հավատում եմ, որ հարևան Հայաստանի հետ, որի հետ սահմանը փակ է 25 տարի, չկա մեկ հարց, որը հնարավոր չէ լուծել խաղաղասիրական քաղաքականությամբ»։
Գարո Փայլանը խոսքն ավարտել է հայերեն «Հաջողություն Նիկոլ Փաշինյանին և ընկերներուն» նախադասությամբ։