Սեպտեմբերի 23-ին Սոֆիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Դրագոմիր Ստոյնևի հետ:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են համապատասխան ոլորտներում երկկողմ համագործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր:
Նախարար Ստոյնևն ընդգծել է առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել ապրանքաշրջանառության ծավալները:
Իբրև նախընտրելի ոլորտներ` նախարարը առաջարկել է համագործակցել ռազմաարդյունաբերական, դեղագործության, գյուղատնտեսական մթերքների, սննդաարդյունաբերության սարքավորումների արտադրության բնագավառներում:
Դեսպան Սհոյանը կարևորել է Սոֆիայում միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի աշխատանքների անցկացումը, կլոր սեղանների և համաժողովների կազմակերպումը` գործարարների և ձեռներեցների լայն շրջանակի մասնակցությամբ:
Կողմերը կարևորել են զբոսաշրջության ոլորտում փոխշահավետ համագործակցությունը` հաշվի առնելով երկու երկրների հարուստ պատմա-մշակութային ժառանգությունը:
Քննարկվել է նաև Երևան-Սոֆիա ավիաչվերթի շահագործմամբ պարբերական ավիահաղորդակցության վերականգնման հնարավորությունը: