Քննարկվել են Իրանից Հայաստան մտնող գազի ծավալները մեծացնելու հնարավորությունը
Թեհրանում տեղի է ունեցել Իրանի եւ Հայաստանի էներգետիկայի նախարարներ Արմեն Մովսիսյանի եւ Համիդ Չիթչյանի հանդիպումը, որի ժամանակ Իրանի եւ Հայաստանի էներգետիկ ոլորտի ղեկավարները քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքն ու զարգացման հեռանկարները: Արմեն Մովսիսյանը հանդիպել է նաեւ Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Իրան-Հայաստան էլեկտրաէներգիայի եւ գազի փոխանակման ծրագրի ընթացքը, Իրանից Հայաստան մտնող գազի ծավալները ձմռան ամիսներին մեծացնելու հնարավորությունը, ինչպես նաեւ, հետագա համագործակցության ծրագրերն ընդլայնելու հնարավորությունները: Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հանդիպել է նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ եւ նրան է հանձնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցությունն ընդլայնելու առկա հիմքերը: Նախագահ Ռոուհանին բարձր է գնահատել Իրանի եւ Հայաստանի միջեւ եղած բարեկամական կապերը` կորեւորելով երկու հարեւան ժողովուրդների միջեւ մշակութային եւ տնտեսական հարաբերությունների հետագա ամրապնդումը: Իրանի ղեկավարը խոսել է նաեւ համատեղ տնտեսական ծրագրերի մասին եւ հույս է հայտնել, որ այդ նախագծերը հնարավորինս շուտ կյանքի կկոչվեն:
